ԼՂ հարցը՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ներառված է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգում, որը հրապարակվել է դեկտեմբերի 1-ին ՌԴ իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության տարածաշրջանային առաջնահերթությունները» բաժնում ասված է, որ Ռուսաստանը ակտիվորեն հանդես է գալիս հետխորհրդային տարածքում հակամարտությունների դիվանագիտական-քաղաքական կարգավորման օգտին։

Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ նպաստում է ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ «2009-2013թթ․ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ընդունած համատեղ հայտարարություններում ամրագրված սկզբունքների համապատասխան»։

Նույն բաժնում անդրադարձ կա նաև Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը։

Մասնավորապես, նշվում է, որ «Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ այն ոլորտներում, որոնցում դրան պատրաստ է վրացական կողմը՝ հաշվի առնելով Անդրկովկասում ստեղծված իրողությունները»։

Լուսանկարում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը և համանախագահները հատում են հայ-ադրբեջանական սահմանը, 2014թ․ հոկտեմբեր

Մեկնաբանել