Իսրայելի վարչապետը հարցաքննվել է կոռուպցիայի գործով

Ոստիկանությունը հարցաքննել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոռուպցիայի հետ նրա հնարավոր առնչության հետ կապված։

The Jerusalem Post թերթի փոխանցմամբ՝ հարցաքննությունը տեղի է ունեցել Նեթանյահուի նստավայրում՝ Երուսաղեմի կենտրոնում, և տևել է երեք ժամ։ Նեթանյահուն կասկածվում է գործարարներից խոշոր նվերներ և «այլ օգուտներ» ստանալու մեջ։

Թերթը գրում է, որ «վարչապետի գործողությունները հանրային վստահությունը պահպանելու նրա պարտավորությունների խաթարում է»։

Նեթանյահուն ճիշտ չի ձևակերպել իսրայելցի և արտասահմանցի գործարարներից ստացած մի քանի տասնյակ հազար դոլարների հասնող նվիրատվությունները։ Ինքը՝ վարչապետը, չի ընդունում մեղքը։

The Jerusalem Post-ը հաղորդում է, որ Նեթանյահուի անունը ավելի վաղ շրջանառվում էր քրեական երկու գործերի հետ՝ «հիմնական» և «երկրորդական»։ Հունվարի 2-ին կայացած հարցաքննությունը տեղի է ունեցել երկրորդ գործով։ Իրավապահ մարմիններն ակնկալում են, որ դրա արդյունքները կարող են բացահայտել առաջին գործի որոշ մանրամասներ, «որը շատ ավելի լուրջ կասկածներ է հարուցում»։

Մինչև Նեթանյահուի հարցաքննությունը ոստիկանությունը հարցաքննել է արդեն մնացած բոլոր կասկածյալներին։ Վարչապետի ընկերը՝ գործարար Ռոն Լաուդերը, հաստատել է, որ Նեթանյահուին տարբեր նվերներ է մատուցել, այդ թվում՝ վճարել է նրա որդու արտասահմանյան այցի համար։

Նեթանյահուն Իսրայելի վարչապետ է եղել 1996-99 թվականներին, և երկրորդ անգամ՝ սկսած 2009-ից։

Հատկանշական է, որ 2012թ․ Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Օլմերտը ևս կոռուպցիայի մեղադրանքով դատապարտվեց 19 ամսվա պայմանական ազատազրկման։

Մեկնաբանել