Կարեն Կարապետյանն ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահ

Իշխող Հանրապետական կուսակցությունն այսօր գումարել է գործադիր մարմնի և խորհրդի նիստեր, կուսակցության առաջին փոխնախագահ է ընտրել վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում նիստերից հետո տեղի ունեցած ասուլիսին։

Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցությունն ընտրել է նաև խորհրդի նոր անդամներ, կուսակցության փոխնախագահներ: Կուսակցության նախագահի առաջին տեղակալ և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ է ընտրվել վարչապետ Կարեն Կարապետյանը: Կուսակցության նախագահի մյուս տեղակալներ ընտրվել և վերընտրվել են Մուշեղ Լալայանը, Գալուստ Սահակյանը և Արմեն Աշոտյանը:

Ընտրվել է նաև ՀՀԿ նոր խորհուրդ, որին անդամակցել է 35 նոր ներկայացուցիչ՝ կանանց, երիտասարդական կառույցներից, տեղական և մարզային կառույցներից:

Շարմազանովը ասաց, որ իրենց համագումարն ընդունել էր կանոնադրական որոշումների վերաբերյալ որոշում, ըստ որի՝ իրենք ունեն ավագների խորհուրդ: Ըստ նրա՝ ավագների խորհրդի ախագահ միաձայն ընտրվել է Գալուստ Սահակյանը: Երևանի Հանրապետական կառույցի նախագահ է ընտրվել քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կանանց խորհրրդի նախագահ է վերընտրվել Հերմինե Նաղդալյանը, երիտասարդական կազմակերպության նախագահ է վերընտրվել Կարեն Ավագյանը, գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Մուշեղ Լալայանը, կազմակերպչական հարցերի հանձնաժողովի նախագահ է ընտրվել Ռուբեն Թադևոսյանը և մարզական հանձնաժողովի նախագահ՝ Ռազմիկ Ստեփանյանը:

ՀՀԿ խոսնակը նշեց, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով, խոսել ապրիլի 2-ին սպասվելիք խորհրդարանական ընտրությունների մասին: «ՀՀԿ-ն ևս մեկ անգամ հաստատում է, որ կենսական անհրաժեշտություն է ապրիլի 2-ի ընրությունների ժողովրդավարական բնույթը: Մենք արել ենք և անելու ենք ամեն ինչ, որ առաջիկա ընտրությունները լինեն ընտրական օրենսգրքի թեզերին համապատասխան և համապատասխանեն ժողովրդավարության և միջազգային չափանիշներին: Մենք ընդդիմության մեր գործընկերների հետ հասել ենք քաղաքական կոնսոլիդացիայի, դա պատմական ձեռքբերում էր: Մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեն լավագույնը մեր պատմության ընթացքում»,- ասաց Շարմազանովը։

ՀՀԿ-ն իր խորհրդի նիստին անդրադարձել է նաև քաղաքական որոշ գործիչների այն մտահոգությանը, որ ընտրությունների օրը համընկնում է ապրիլյան քառօրյա պատերազմի տարեդարձի հետ:

«Այս օրերի ընթացքում մենք տեսանք, որ մեր որոշ գործընկերներ՝ տարբեր կուսակցություններից, իրենց առաջարկություններն ու դժգոհությունները ներկայացրին ընտրության օրվա հետ կապված, քանի որ ապրիլի 2-ին լրանում է ապրիլյան քառօրյա պատերազմի մեկ տարին: Բնականաբար, իրավաբանները նշում են, որ դա չի հակասում սահմանադրությանը և ընտրական օրենսգրքին, բայց այո՛, մենք գտնում ենք, որ ապրիլի 2-ը ազգային համախմբան, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի հերոսացման, ինչու չէ՝ նաև այս մեկ տարվա ընթացքում բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եվ եթե քաղաքական բոլոր դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ 3-5 օրով հետաձգենք ընտրության օրը, ապա ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում: Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկել այս հարցը»:

Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին

Շարմազանովն անդրադարձավ ՀՀԿ փոխնախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցության անդամությունը դադարեցնելուն․ «ՀՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, կարող է մի քանի գործիչ էլ դուրս գալ: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում ՀՀԿ-ին անդամագրվել է 11 հազար քաղաքացի, կրկնում եմ, ոչ թե 7 հազար այլ 11 հազար»։ Շարմազանովը նշեց, որ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում չի տեսել քաղաքական հիմնավորում, թե ինչու է լքում կուսակցությունը։

Շարմազանովը նշեց, որ կուսակցության համամասնական ցուցակը դեռ պատրաստ չէ, և պատրաստ կլինի մինչև փետրվարի կեսը։

Շարմազանովը դրական գնահատեց նոր դաշինքների ստեղծումը, որոնք, ըստ նրա, տանում են կուսակցությունների խոշորացման․ «Գնալով կուսակցությունները միանում են, ուստի այդ դաշինքներին վերաբերվում ենք դրական, մենք պատրաստ ենք ապրիլի 2-ին մեր գործընկերների հետ մրցակցել»:

Մեկնաբանել