Մենք պատրաստ ենք փոխզիջումների, որպեսզի ԼՂ խնդիրը լուծվի խաղաղությամբ․ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան այցելել է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոց, որտեղ հանդիպում է ունեցել դպրոցի ունկնդիրների հետ։ Սերժ Սաևգսյանը ներկայացրել է իր պատկերացումները ժամանակակից քաղաքական գործչի մասին։ Նրա համոզմամբ՝ «քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ են գիտելիքներ, բարոյական հատկանիշներ, քաղաքացիական արիություն»։

«Քաղաքական գործչի համար չափազանց կարևոր է, որպեսզի նա կարողանա տարբերակել կարևորը երկրորդականից: Որևէ դասագրքում երբեք դուք չեք կարող գտնել լուծումներ կամ գիտելիքներ սրա մասին: Դուք պետք է կարողանաք այդ ժխորում (իսկ քաղաքական դաշտում հաճախ ժխոր է լինում) իրոք, տարբերակել կարևորը երկրորդականից: Ցավոք, մեր հասարակությունը հիմա գտնվում է մի այնպիսի փուլում, երբ ժխորն իսկապես մեծ է, և այդ ժխորի մեջ գտնել կարևորը, ճիշտը, սա միայն հեղինակություն է բերում քաղաքական գործչին: Եթե տեսնում եք՝ մեր քաղաքական դաշտում երկարակյացներն այդքան էլ շատ չեն, որովհետև նրանք փորձում են պոպուլիզմով զբաղվել: Պոպուլիզմը, միգուցե, լավ է որոշակի պահի համար՝ երեք օր, հինգ, յոթ, տասնհինգ օր, լավ՝ վեց ամիս, բայց, փառք Աստծո, մեր հասարակությունը կարողանում է շատ շուտ հասկանալ, թե ով ինչ է ի վիճակի անել»,- հայտարարել է ՀՀ նախագահը:

«Չի կարելի, երբեք չի կարելի ճնշման կամ վախի ազդեցության տակ փոխել որոշումներ: Միացյալ Նահանգների նախագահներից մեկը շատ փայլուն միտք է արտահայտել՝ ասել է, որ երբեք մի վախեցեք զիջումներից կամ բանակցություններից, բայց երբեք մի գնացեք զիջումների կամ բանակցությունների ճնշման տակ: Քենեդին Միացյալ Նահանգների լավագույն նախագահներից մեկն էր, իմ կարծիքով, և կարծում եմ, որ նրա ասածները շատ համահունչ են այսօրվա մեր իրականությանը: Օրինակ, նույն Լեռնային Ղարաբաղի խնդրով մենք երբեք որևէ ճնշման տակ որևէ զիջում չենք անում. մենք պատրաստ ենք փոխզիջումներ անելու, որպեսզի խնդիրը լուծվի խաղաղությամբ, առանց պատերազմի, բայց որևէ ճնշում՝ լինի դա արտաքին թե ներքին, չի կարող ազդել, հակառակ պարագայում, մեր՝ տուն գնալու ժամանակն է»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Մեկնաբանել