Այլընտրանքային պատմության անհրաժեշտությունը

Անցնող օրերին իմ սեղանի վրա էին մասնագիտությամբ ֆիզիկոս Վլադիմիր Հարությունյանի երեք արժեքավոր աշխատությունները՝ «Կարսի մարզը Հայաստանի Առաջին Հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ). նյութեր և փաստաթղթեր», «Հայ բոլշևիկների հակապետական գործունեությունը 1919-1920 թթ., փաստաթղթերի ժողովածու» և «1918. Հայ-վրացական պատերազմը. նյութեր և փաստաթղթեր»:

Բոլոր երեք հատորներն էլ վերաբերում են Հայաստանի Առաջին Հանրապետությանը, որի հիմնադրման ու հռչակման 100-ամյակը նշելու ենք հաջորդ տարի՝ 2018-ին:

Թվում էր, թե ամերիկահայ պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանի քառահատոր «Հայաստանի Հանրապետություն» կոթողային գործից հետո հետազոտողների համար այլևս ուսումնասիրության և նոր փաստեր մեջտեղ բերելու տեղ չի մնացել, սակայն Վլադիմիր Հարությունյանի հատորները, որոնք բացառապես արխիվային փաստաթղթերի հիման վրա են գրվել, գիտական են ու ակադեմիական, նոր լույս են սփռում Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության անցքերի վրա:

Հատկապես արժեքավոր է Կարսի մասին Հարությունյանի հատորը, որը հիմնականում ներառում է հայկական այդ մարզի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը: Կարսի թեման մեր պատմաբանների համար, որոշ իմաստով, եղել է «ոչ ցանկալի»: Որքան էլ զարմանալի է՝ 100 տարվա ընթացքում մեր պատմաբանները հեռու մնացին Ղորղանյանի արխիվից, և այդ կարևոր գործը «Մոդուս վիվենդի» կենտրոնի օժանդակությամբ կյանքի կոչեց Հարությունյանը:

Այո, Կարսի անկման կամ առանց կրակոցի քեմալականներին հայկական բերդաքաղաքը թողնելու թեման մեր պատմության ողբերգական ու ամոթալի էջերից է: Բայց արդյոք մեր սխալների վրա չպիտի՞ նաև դասեր քաղենք պատմությունից: Նույնը վերաբերում է հայ բոլշևիկների ու Հայհեղկոմի գործունեությանը, հայ-վրացական պատերազմին ու բազմաթիվ այլ թեմաների, որոնք քննարկման առարկա չեն դառնում:

Հայաստանի պատմաբանների մի մասը, ցավալիորեն, ամբողջ «մերկությամբ» չի ուզում առերեսվել մեր պատմությանը: Ավելին, մեր պատմաբանների մի մասը կաշկանդված է պետության միջամտությունից ու թելադրանքից, երբեմն պատմությունը գրում են ոչ թե ինչպես եղել է, այլ ինչպես ցանկալի է, որ լիներ:

Տարիներ առաջ Հայաստանի բուհերին պարտադրվեց Էդիկ Մինասյանի խմբագրությամբ կազմված և աղմուկ հանած հաստափոր հատորը: Այն ժամանակվա կրթության նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ բառ անգամ չի կարող փոխվել այդ գրքում:

Քանի որ Հայաստանում պատմությունը թելադրում է իշխող վարչակարգը, ապա այլ բան չի մնում, քան գրել ու հրատարակել Հայաստանի այլընտրանքային պատմության մասին հատորներ՝ անտեսելով դոկտոր, թեկնածու պատմաբանների չարակամ քննադատությունները:

Վլադիմիր Հարությունյանը իր երեք արժեքավոր գրքերով հենց այլընտրանքային պատմությունն է ներկայացնում՝ զերծ պետական-ակադեմիական թելադրանքներից ու կարմիր գծերից:

Պետք է ավելի շատ հրատարակել պատմական հատորներ, որոնք վերաբերում են մեր ոչ վաղ անցյալի պատմությանը, այդ թվում՝ հայ կամավորական շարժմանը, Հայաստանի Առաջին Հանրապետությանը, Խորհրդային Հայաստանին ու Երրորդ Հանրապետությանը, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ու բազմաթիվ այլ կնճռոտ թեմաների:

Պաշտոնական պատմագրությանը, որը այսօր ազդվում է գործող իշխանությունների միջամտությունից, պետք է զուգահեռաբար մեր սեղաններին լինեն այլընտրանքային պատմության հատորներ:

Մեկնաբանել