Թալիշական թերթի խմբագիրը մեկնաբանել է Միրզոևի՝ Հայաստանից ապաստանի հայցումը

«Թոլիշի Սադո» թերթը երբեք չի ունեցել Շահին Միրզոև անունով թղթակից․ այս մասին ադրբեջանական Turan գործակալությանն ասել է պարբերականի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը։ Վերջինս պնդել է, որ «ընդհանրապես չի ճանաչում Շահին Միրզոև անունով մարդու»։

Իր հերթին «Թոլիշի Սադո» թերթի գլխավոր խմբագիր Ռաֆիգ Ջալիլովը Turan-ին ասել է, որ Միրզոևը պարբերականի թղթակից էր «հասարակական հիմունքներով» 2015թ․, սակայն նրա հետ համագործակցությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ 2016-ին հրաժարվել է «Թոլիշի Սադո»-ի բաժանորդագրությունից։

«Ես՝ որպես Թալիշական հանրապետական մշակութային կենտրոնի նախագահ, հայտարարում եմ, որ 2016թ․ մայիսի 1-ին Միրզոևն ընտրվել էր կենտրոնի անդամ։ Ներկայում նա կենտրոնի վարչության անդամ է, սակայն նրա կողմից այլ երկրում ապաստանի ստացումը կենտրոնի և մեր թերթի հետ կապ չունի»,- ասել է Ջալիլովը։

Վերջինս պատմել է, որ բժիշկների ոչ կոմպետենտ լինելու հետևանքով Միրզոևի կինը հայտնվել էր ծանր վիճակում, և նրան պատշաճ բժշկական օգնություն չէր տրամադրվել։ Արդյունքում նրա ընտանիքը ապաստան է խնդրել Վրաստանում։

«Իրավիճակը՝ որպես ադրբեջանական պետականության դեմ կենտրոնի գործունեություն ներկայացնելու փորձերը անհիմն են», պնդել է Ջալիլովը։

«Մենք թալիշների իրավունքների համար պայքարում ենք քաղաքակիրթ մեթոդներով, օտար երկրների օգնության կարիքը չունենք, առավել ևս՝ հայերի»,- նշել է Ջալիլովը։ Վերջինս հավելել է, որ Միրզոևը երբեք իր հրապարակումների համար չի հետապնդվել․ նրա կարգավիճակը կուսումնասիրվի Թալիշական հանրապետական մշակութային կենտրոնի առաջիկա նիստին։

Թալիշ գործիչը մտահոգ է Ադրբեջանում իր ժողովրդի ապագայի համար

2015-ին Սիվիլնեթը զրուցել էր Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զահիրադդին Իբրահիմիի հետ։ Հարցազրույցը հետևել էր 2015թ․ փետրվարին թալիշ գործչի հետ տեղի ունեցած միջադեպին․ Զահիրադդին Իբրահիմին, Մոսկվայից ժամանելով Ադրբեջան՝ Լենքորան, առանց որևէ պատճառաբանության նույն ավիաչվերթով արտաքսվել էր երկրից: ՍիվիլՆեթի հետ զրույցում Իբրահիմին կարծիք էր հայտնել, որ արտաքսումը կապված էր իր քաղաքական գործունեության հետ: 

«Դա քաղաքականապես հիմնավորված արտաքսում էր»,- ասել էր թալիշ քաղաքական գործիչն ու հավելել, որ իրեն հանձնված արձանագրության մեջ ասված էր, որ տվյալ անձի մուտքը Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»:

Բացարձակ իրավազուրկ

Ըստ Իբրահիմիի՝ Ադրբեջանում հաշվվում է մոտ մեկուկես միլիոն թալիշ, որոնք «բացարձակապես իրավազուրկ են»:

«Մենք նույնիսկ չենք կարող «թալիշ» ցեղանունն օգտագործել. դա լուռ արգելքի տակ է»,- պատմել էր Իբրահիմին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանում թալիշների մշակութային ժառանգությանը, ապա այն, Իբրահիմիի խոսքով, ոչնչացման եզրին է:

Թալիշական սրբավայրերը, որոնք խորհրդային շրջանում պետական պահպանության տակ էին, Ադրբեջանի անկախացումից հետո ենթարկվում են կազմակերպված հարձակումների: Այսպես օրինակ՝ հարձակմնան են ենթարկվել 13-րդ դարի թալիշ հայտնի աստվածաբան Շեյխ Զահիդ Գիլանիի ու Թալիշական խանության հիմնադիր Սաիդ Աբբասի շիրիմները, որոնք թալիշ ժողովրդի սրբավայրերից էին:

Զահիրադդին Իբրահիմին նշել էր, որ թալիշ հասարակական ու քաղաքական գործիչները պարբերաբար բարձրաձայնում են մշակութային հուշարձանների ոչնչացման հարցն իրենց հրապարակումներում ու ելույթներում:

Զուգահեռներ անցկացնելով Լեռնային Ղարաբաղի հետ՝ Իբրահիմին ասել էր. «Նրանք փրկվեցին նման աղետից: Մինչդեռ թալիշ ժողովուրդը, որը չկարողացավ ինքնավարության հասնել, աղետալի վիճակում է»:

Զահիրադդին Իբրահիմին համոզմունք էր հայտնել, որ 15-20 տարի հետո Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների լեզուների կրողներ այլևս չեն մնա, այդ ժողովուրդները կդադարեն գոյություն ունենալ:

«Մեր ավագ սերունդը «վերջին մոհիկանն է»,- ասել էր  Զահիրադդին Իբրահիմին:  

Միրզոևը ապաստան է խնդրել Հայաստանից

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Հայաստանի իշխանություններին է դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։

Հայաստանի իշխանությունները, ըստ ԱԳՆ-ի, դրական են արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին։

Պատմական պահ

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ մենք, ըստ էության, պատմական պահ ենք ապրում։

«Հայաստանն առաջին անգամ ապաստան է տրամադրել Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից հալածվող թալիշ հասարակական-քաղաքական գործիչ Շահին Միրզաևին՝ այսպիսով փաստելով, որ այսուհետ հանդես է գալու արհեստածին Ադրբեջանական Հանրապետության վարչակարգի կողմից ճնշումների ենթարկվող տեղաբնիկ ժողովուրդների ակտիվ առաջնորդների հովանավորի դերակատարությամբ:

Նման՝ փաստացիորեն նոր ուղեգծի որդեգրումն անշուշտ ոչ միայն լրջորեն խթանելու է այս ժողովուրդների ազատագրական պայքարը, այլ նաև զգալիորեն բարձրացնելու է մեր պետության դերակատարությունը որպես տարածաշրջանային ակտիվ խաղացողի, որը կարող է ոչ միայն արտաքին ճնշում բանեցնել հակառակորդների նկատմամբ, այլև սատարել պետականազուրկ ժողովուրդների շրջանում իր բոլոր առկա և պոտենցիալ դաշնակիցներին՝ դաշնակիցներ, որոնք իրական դաշտում պայքարում են հանուն սեփական ազգային իրավունքների և արդարության հաստատման»,- Ֆեյսբուքում գրել է Ոսկանյանը:

Ստելլա Մեհրաբեկյան