Երևանի պետական համալսարանում զեղչերը կվերականգնվեն

Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) վարձավճարով սովորող ու բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին հատկացվող 20 տոկոս զեղչը, որն ամիսներ շարունակ չէր վճարվում, ուսանողների մի քանի բողոքի ցույցերից հետո որոշվել է վերականգնել։ Բողոքի ցույցերի համակարգող, արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վահան Կոստանյանը ՍիվիլՆեթին տեղեկացրեց, որ փետրվարի 23-ին հանդիպում են ունեցել ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանի հետ։

«Հանդիպում ենք ունեցել, մեզ տեղեկացրին, որ բոլոր ուսանողները, որոնց միջին որակական գնահատականը բակալավրիատում 18-ից բարձր է, իսկ մագիստրատուրայում՝ 19-ից, կարող են դիմումներ գրել զեղչ ստանալու համար։ Վերջնական պաշտոնական հրամանը կլինի այսօր կամ երկուշաբթի»,- ասաց նա՝ նշելով, որ զեղչի սահմանաչափերի վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան։

Զեղչեր չտրամադրելու համար ուսանողները բողոքի ցույց էին անցկացրել փետրվարի 15-ին, երբ համալսարան էր այցելել վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա խոստացել էր խնդրին լուծում տալ հնգօրյա ժամկետում։

Առաջադիմություն ունեցող ու վարձ վճարող ուսանողներին 20 տոկոս զեղչի տրամադրումը ԵՊՀ-ի կողմից նախկինում պարզապես բարի կամքի դրսևորում էր։ Կոստանյանն ասում է՝ այժմ այդ գործընթացը կլինի ոչ թե բարի կամքի դրսևորում, այլ կփոփոխվեն որոշ կանոնակարգեր, ու զեղչի տրամադրումը օրենքի ուժ կստանա։

«Ինձ համար ամենակարևորն այն է, որ ուսանողներն իրենց իրավունքների պաշտպանության համար ոտքի կանգնեն, ու այդ իմաստով սա առաջընթաց է, զեղչերի առումով վերջնական գնահատական կարող ենք տալ, երբ հրամանագիրը լինի, երբ ամեն ինչ օրենքով ֆիքսվի»,- նշեց ուսանողը։

ԵՊՀ-ն զեղչերի համակարգում փոփոխություններ իրականացնելն ու զեղչերը չտրամադրելը պատճառաբանում էր ֆինանսական ռեսուրսների սղությամբ։ Վահան Կոստանյանի խոսքով՝ հանդիպման ընթացքում իրենց տեղեկացրել են, որ որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերելու են կառավարությունն ու Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, բացի այդ՝ ԵՊՀ-ն որոշակի փոփոխություններ է կատարելու իր բյուջեում։

Մեկնաբանել