Նալբանդյանի հայտարարությունները Մամեդյարովին «լավատեսություն» չեն ներշնչում

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններին լավատեսությամբ չի վերաբերվում։ Պատճառը, ըստ Մամեդյարովի, ՀՀ արտագործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություններն են, որոնք «թույլ չեն տալիս որևէ լավատեսական բան քննարկել»։

Մամեդյարովը տեղեկացրել է, որ հաջորդ ամիս մեկնելու է Մոսկվա, որտեղ մտադիր է ռուսաստանյան կողմի՝ որպես Մինսկի խմբի համանախագահի հետ քննարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը։

«Մենք քննարկելու ենք հետագա քայլերը․ ինչ է պետք անել ստատուս քվոն փոխելու համար»,- ասել է Մամեդյարովը։

Վերջինիս խոսքով՝ «բոլորը գիտեն՝ ինչպես պետք է լուծվի հակամարտությունը, ինչ պլան է դրված բանակցությունների սեղանին, և որ հարցը չի կարելի լուծել մեկ օրում»։

Ադրբեջանի ԱԳ նախարարը կրկնել է բազմիցս հնչեցրած այն միտքը, որ «զորքերը պետք է վերադառնան զինանոցներ՝ խաղաղություն հաստատելու համար»։

Մինչդեռ, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի» գործակալությունը, Արցախի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը խոսել է Ադրբեջանի կողմից նախապատրաստվող նոր սադրանքի մասին։

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում «հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին»: Ռազմական արտահայտությամբ բանակի «աչք ու ականջ» համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված «հույժ կարևորության» այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին հիմք է տվել կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել…,, ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից»,- փետրվարի 23-ին Ֆեյսբուքում գրել է Հասրաթյանը։

Այս շաբաթ Մոսկվայում կայացել էր Էդվարդ Նալբանդյանի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Վերջինս, մասնավորապես, ասել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայիս ձևաչափն «այլընտրանք չունի»։

Մեկնաբանել