Ադրբեջանը փորձում է նվաճել ՅՈՒՆԵՍԿՕ-ն

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում․ երեկվանից լուրը տարածվել է ինչպես ադրբեջանական, այնպես էլ ռուսական լրատվամիջոցներում։ Նրա թեկնածությունը պաշտոնապես ներկայացված է Ադրբեջանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի ուսումնասիրությանը։ Ընտրությունները կանցկացվեն այս աշնանը։ Բյուլբյուլ օղլիի ընտրվելու դեպքում կարելի է ակնկալել ՅՈՒՆԵՍԿՕ-ում որոշումների ընդունման գործընթացի է՛լ ավելի մեծ քաղաքականացում, թուրք-ադրբեջանական տանդեմի ուժեղացում, լրացուցիչ խոչընդոտներ Հայաստանի համար և ճնշումներ, որոնք արմատացել էին ներկայիս տնօրեն Իրինա Բոկովայի օրոք։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում Ադրբեջանի առաքելության ղեկավար Անար Քարիմովի խոսքով՝ կազմակերպությանն է փոխանցվել թեկնածուի կենսագրությունն ու հուշագիրը։ Բյուլբյուլ օղլին մանրամասն շարադրել է կազմակերպության պատասխանատվության տակ գտնվող ոլորտներում առկա խնդիրների լուծման իր տեսլականը։

Հաղորդվում է, որ ընտրություններն անցկացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայիս գլխավոր տնօրեն բուլղարացի Իրինա Բոկովայի լիազորությունների ժամկետի լրանալու առնչությամբ․ առաջին անգամ այդ պաշտոնում Բոկովան ընտրվել էր 2009թ․, վերընտրվել՝ 2013-ին։ Նա դարձել է երկրների արևելաեվրոպական խմբի առաջին ներկայացուցիչը, որը ստանձնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը։ Կազմակերպության կանոնադրությունը թույլ չի տալիս նույն պաշտոնում առաջադրվել ավելի քան երկու անգամ։

Բոկովայի և Ալիևայի ընկերությունը

ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, մինչդեռ վաղուց է վերածվել շահեր սպասարկող կառույցի, իսկ կոռուպցիոն սկանդալների մեջ ներքաշված Իրինա Բոկովան, որը հայտնի է ադրբեջանամետ իր դիրքորոշմամբ, Ադրբեջանի առաջին տիկին և առաջին փոխնախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպան Մեհրիբան Ալիևայի մտերիմներից է։

Նա հայտնի է Բաքու կատարած իր բազմաթիվ այցերով, Ալիևների հանդեպ համակրանքով և ըստ շրջանառվող լուրերի՝ առաջ է մղել և սատարել Ալիևայի թեկնածությանը որպես իր պաշտոնում իրավահաջորդ։

2015թ․ Մամուլի ազատության եվրոպական կենտրոնը՝ ECPMF-ը, Ադրբեջանում այլախոհների ու լրագրողների դեմ հետապնդումներով պայմանավորված՝ դիմել էր Իրինա Բոկովային՝ կոչ անելով զրկել Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի կամքի դեսպանի կոչումից։

«Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում այն, որ Մեհրիբան Ալիևան Բարի կամքի դեսպան է ․․․ [] Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը կզրկի Մեհրիբան Ալիևային այդ կոչումից»,- ասված էր ուղերձում, որը, սակայն, անպատասխան էր մնացել։

Մեկ տարի առաջ Հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը՝ OCCRP-ն, տվյալներ էր հրապարակել Բոկովայի կասկածելի ունեցվածքի վերաբերյալ՝ հղում անելով բուլղարական իր գործընկեր Bivol կայքին։ Վերջինս բացահայտել էր, որ Բոկովան Մանհեթենում ունի ավելի քան 3 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք։ Հաշվարկելով ընտանիքի եկամուտներն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում Բոկովայի աշխատավարձը՝ Bivol-ի լրագրողները հարցադրում էին արել, թե ինչպես է գոյացել ամերիկյան ունեցվածքը։

Վերջին տարիներին Իրինա Բոկովան մեծապես քննադատվել է կողմնակալ և ադրբեջանամետ լինելու համար։ Նրա օրոք ավելի քան ակնհայտ է դարձել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ում «երաժշտություն է պատվիրում նա, ով վճարում է»։ Ալիևայի՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ դառնալու հանգամանքը թերևս ստիպել է Բաքվին, որը փորձում է ներկայանալ որպես հարուստ մշակույթ ունեցող հանդուրժող երկիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում առաջադրել Ալիևների կլանին լոյալ դեսպանին։ Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ՅՈԻՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնն ստանձնելու դեպքում վստահաբար կուժեղանա թուրք-ադրբեջանական տանդեմն ու կխորանա բաժանումը դաշինքների մի կազմակերպության ներսում, որի կարգախոսն է՝ «կառուցել խաղաղություն մարդկանց գիտակցության մեջ»։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել