Արցախ այցելած բլոգերներին չի հետաքրքրում Բաքվի կարծիքը

Այսօր Արցախում մեկնարկել է բլոգերների միջազգային ֆորումը, որին մասնակցում է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից (Ռուսաստան, Լատվիա, Ալժիր, Ֆրանսիա, Իսրայել, Բելառուս, Ուկրաինա, Իտալիա, Չեխիա): Միջոցառումը կազմակերպել է «Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը և Արցախի ժուռնալիստների միությունը։ Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումի գլխավոր թեման է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Արցախ մեկնելու մասին իր բլոգում ավելի վաղ տեղեկացրել էր ռուսաստանցի հայտնի բլոգեր Անտոն Նոսիկը։

«Կարծիք է շրջանառվում, որ յուրաքանչյուր ոք, ով այնտեղ մտնում է [Արցախ – ՍիվիլՆեթ], խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինձ դա չի հուզում, քանի որ Ադրբեջանի՝ որպես պետական կազմավորման բուն գոյությունը ես համարում եմ ցավալի պատմական սխալ և թյուրիմացություն։ Ինչպես որ այդ երկիրը գոյություն չուներ մինչև 1918թ․, այնպես էլ հետագա ժամանակաշրջաններում աշխարհի քարտեզը կարող էր հանգիստ առանց դրա մնալ։ Ափսոս, որ այդ հրաշալի հնարավորությունը բաց է թողնվել։

Ներկայիս կլեպտոկրատիկ ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին համարում են ազգային հերոս, իսկ բլոգեր Լապշինին՝ վտանգավոր պետական հանցագործ, չի արժանացել նրան, որ ես հաշվի առնեմ ճիշտ սահմանների վերաբերյալ նրա կարծիքը»,- գրում է Նոսիկը։

Նրա համոզմամբ՝ աշխարհի քարտեզի վրա Ադրբեջանի երկարատև գոյատևման միակ պատճառը եղել են և կան ածխաջրածինները․ «և՛ Մինսկից Լապշինի արտահանձնումը, և՛ հունգարական բանտից մարդասպան Սաֆարովի հաղթական ազատ արձակումը գործարքներ են, որոնց համար վճարվել են նավթադոլարներ»։ Իր բլոգի վերջում Նոսիկը խնդրում է իրեն հուշել այն վայրերը, որոնք արժե տեսնել Արցախում։

Ֆորումին մասնակցող մեկ այլ բլոգեր՝ Անտոն Մերկուրովը, Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ իրեն առհասարակ «այնքան էլ հետաքրքիր չէ Արցախի կարգավիճակի վերաբերյալ շրջապատի կարծիքը, սակայն կարծում է, որ մեկնաբանություններում անդադար կեղտը ավելի լավ է, քան ամենօրյա զոհերը սահմանի երկու կողմերում»։

«Միակ բանը, որ ուզում են մարդիկ, խաղաղությունն է։ Եվ որ ոչ ոք ոչ մեկի չսպանի։ Օգտվելով առիթից՝ ողջույններ եմ հղում Ադրբեջանի կառավարությանը և հայտնում, որ պատրաստ եմ գալ Բաքու՝ առնվազն տեսնելու իմ Մերկուրովի հեղինակած «Բաքվի 26 կոմիսարների» քանդակը, առավելագույնը՝ զրուցելու տարբեր թեմաներով։

Մենք բոլորս մարդ ենք, սակայն հիմա այնպիսի ժամանակներ են, երբ անընդհատ պետք է ինչ-որ բան ապացուցել»,- գրում է Մերկուրովը՝ թույլ տալով իր գրառման տակ հայհոյել միմյանց, քանի որ դա «չի հանգեցնում մարդկային զոհերի և կրում է թերապևտիկ բնույթ»։

Ադբեջանական մամուլն անարձագանք չի թողել բլոգերների այցը Արցախ։ Ադրբեջանական քարոզչական կայքերից մեկը՝ haqqin.az-ը, մեկնաբանության համար դիմել է երկրի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևին, որն էլ խոստացել է «անպայմանորեն ուսումնասիրել բլոգերների կողմից Ադրբեջանի գրավված տարածքներ ապօրինի այցելության հարցը», որից հետո «կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ»։

***

Փետրվարի 7-ին Բելառուսը Ադրբեջանին էր արտահանձնել Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին, որի նկատմամբ Ադրբեջանը հետախուզում էր հայտարարել և քրեական գործ հարուցել Արցախ «ապօրինի» այցելության համար։

Գլխավոր լուսանկարը՝ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել