ԵԼՔ-ի գաղտնազերծած ցուցակի բնակիչը հերքում է Փաշինյանի պնդումը

Մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հրապարակեց փաստաթղթեր, որոնք, ըստ նրա, դուրս էին հանվել քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող ընտրական շտաբից։

Փաշինյանը ներկայացրեց ձեռնարկ ընտրակաշաք բաժանողի համար, ընտրակաշառք բաժանողների հետ պայմանագրեր և այլն։ Այդ փաստաթղթերի մեջ առկա էր նաև Արաբկիրի ոստիկանությունից ֆաքսի հաղորդագրություն Տարոն Մարգարյանի շտաբ, որում ներկայացված էին ոստիկանների անուններ և դրանց դիմաց գրված թվեր, որոնք, ըստ Փաշինյանի, վերաբերում էին խոստացված ձայներին։

ՍիվիլՆեթը այցելեց ցուցակում ներառված ոստիկաններից մեկի՝ Ժիրայր Գևորգի Սարգսյանի (6-րդ վաշտ) տուն, որի անվան դիմաց ցուցակում գրված է 6։

Դուռը բացեց Ժիրայրի հայրը՝ Գևորգը։ Նա նշեց, որ թեև Ժիրայրը այդ հասցեում է գրանցված, սակայն վարձով է բնակվում։ Հայրը հաստատեց, որ որդին ՊՊԾ գնդում է աշխատում։

Գևորգ Սարգսյանը նշեց, որ տեղյակ չէ այդ ցուցակի մասին։

«Վեց անձ ինքը ոնց է ապահովում։ Ումո՞վ։ Իմ տղան նույնիսկ էն [խորհրդարանական] ընտրությություններին մեզ չի եկել դիմել, որ մեզ սենց հանձնարարություն կա՝ գնացեք էս արեք, գնացեք էն արեք։ Չգիտեմ հիմա սա որտեղից է հայտնվել ու ով է տվել։Ես իրոք չեմ կարող ասել։ Բացի այդ՝ նա [որդին] իրավունք չունի ինձ ասել՝ ում ընտրեմ»։

Գևորգ Սարգսյանը նշեց, որ եթե նման հարց լիներ, ապա առաջինը ընտանիքի անդամներին կդիմեր՝ հորը, մորը, եղբորը, եղբոր կնոջը։ Սարգսյանը նշեց, որ Ժիրայրի կինն էլ է աշխատում ՊՊԾ գնդում։

Սարգսյանին խնդրեցինք կապ հաստատել որդու՝ Ժիրայրի հետ։ Վերջինս արդեն հեռախոսազրույցում նշեց, որ «տեղեկությունը սխալ են տվել»։

«Ձեզ չգիտեմ ինչ ցուցակներ են տվել։ Չեմ պատասխանի Ձեր հարցերին, քանի որ զրուցում եմ Ձեզ հետ հեռախոսով»,- նշեց Ժիրայր Սարգսյանը։ Սարգսյանին առաջարկեցինք հանդիպել, սակայն նա մերժեց։

«Չգիտեմ դուք որտեղից եք գտել, ես էլ կարող եմ պնդել, որ ապատեղեկատվություն եք տարածում»,- ասաց Սարգսյանը և պնդեց, որպեսզի բնակարանից դուրս գանք։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել