Մոլդովան արտաքսում է ՌԴ հինգ դիվանագետի, նախագահ Դոդոնը «վրդովված է կառավարության այդ քայլից»

Մայիսի 29-ին Քիշնևը Ռուսաստանի դեսպանություն նոտա է ուղարկել՝ ռուսաստանցի հինգ դիվանագետներից պահանջելով լքել երկիրը 72 ժամվա ընթացքում, հաղորդում են մոլդովական կայքերը։ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրը հաստատել է այդ որոշումը։

ՌԴ դիվանագետներին արտաքսելու մասին լուրը տարածվել է երեկ երեկոյան, ավելի ուշ ՌԴ դեսպան Ֆարիթ Մուհամեթշինը հաստատել է, որ դիվանագիտաան ներկայացուցչությունը նման նոտա է ստացել։

Մոլդովայի ԱԳՆ-ի այս քայլին անմիջապես արձագանքել է այդ երկրի նախագահ Իգոր Դոդոնը՝ խստորեն դատապարտելով այն։

«Կառավարությունը վրդովեցուցիչ քայլ է արել մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Այսօր դեսպանից պահանջել են, որ ռուսաստանցի հինգ դիվանագետներ լքեն Մոլդովան 72 ժամվա ընթացքում։ Ցանկանում եմ հայտարարել, որ խորապես վրդովված եմ մոլդովական դիվանագիտության այդ ոչ բարեկամական քայլով և ամենակտրուկ կերպով դատապարտում այն»,- Ֆեյսբուքում գրել է Դոդոնը՝ հավելելով, որ եվրոպական ինտեգրման կողմնակիցներին «նյարդայնացնում են նախագահի վերջին ամիսների հաջողությունները, և նրանք որոշել են դիմել ուղիղ սադրանքների, որոնք հղի են մոլդովա-ռուսական հարաբերությունների զգալի վատթարացման վտանգով։

«Իմ կարծիքով՝ դա արվել է Արևմուտքի պատվերով, նրանց, ովքեր անհանգստացած են Մոլդովայի նախագահականի և Կրեմլի միջև հաստատված կառուցողական և արդյունավետ երկխոսությամբ։

Ամենայն պատասխանատվությամբ նախազգուշացնում եմ այս իշխանությանը, որ իր կայացրած որոշումը՝ ներգրավվել Բրյուսելի և Վաշինգտոնի աշխարհաքաղաքական «խաղերում», ինչպես նաև այս տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ռազմական կառույցների «խաղերում», շատ վտանգավոր է։ Համոզված եմ, որ նրանք հասկանում են՝ ինչ գին է ստիպված լինելու վճարել մեր երկիրը և ինչ բարդ դրության մեջ կարող են դնել մեր երկիրն ու ժողովրդին։ Նրանք գնացել են այդ կոպիտ քայլին, որը չի մնա առանց բացասական հետևանքների»,- եզրափակել է Մոլդովայի նախագահ Դոդոնը, որը որդեգրել է Ռուսաստանի հետ մերձեցման քաղաքականություն։

Ռուսաստանի կողմից հետևանքների և համաչափ պատասխանի մասին արդեն հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան այդ քայլերը դիտարկում է որպես Մոլդովայի «առանձին ուժերի ուղիղ սադրանք նախագահ Իգոր Դոդոնի ուղեգծի դեմ»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հերթին ասել է, որ իրավիճակը «հակասական է, սակայն ցուցադրական»։

«Ակնհայտ է, որ ռուսաստանցի դիվանագետների աշխատանքին այն որևէ կերպ չի առնչվում, այլ ցուցադրում է Մոլդովայում իրավիճակի զարգացումը»,- հայտարարել է Զախարովան։

2014թ․ հունիսին Մոլդովան Եվրամիության հետ ստորագրել է Ասոցոցման և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Իր քարոզարշավի ժամանակ ներկայիս նախագահ Իգոր Դոդոնը բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնելու մտադրության մասին և նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո ակնհայտորեն շրջադարձ կատարել դեպի Ռուսաստան։

2016թ․ դեկտեմբերի 23-ին ընտրվելուց ի վեր Դոդոնը մի քանի ոչ պաշտոնական այց է կատարել Մոսկվա և հանդիպումներ անցկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա խոսել է ԵՄ-ի հետ համաձայնագրի չեղարկման մտադրության մասին՝ ասելով, որ դրա արդյունքում Մոլդովան կորցրել է դիրքերը ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության շուկաներում։

Ստելլա Մեհրաբեկյան

Մեկնաբանել