Երևանի մետրոպոլիտենում իրականացվելու է վարժանք, նախազգուշացնում է ԱԻՆ-ը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ հունիսի 22-ին՝ ժամը 22:00-ին, «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի «Հանրապետության հրապարակ» կայարանում կկայանա «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումը և իրականացումը՝ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում» թեմայով վարժանքի փորձը:

Բուն ուսումնավարժության անցկացումը նախատեսվում է հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ին: Ուսումնավարժության ընթացքում մետրոպոլիտենի շուրջ լինելու է ՀՀ ԱԻՆ փրկարարական ուժերի որոշակի կուտակում, ուստի հորդորում ենք մեր համաքաղաքացիներին խուճապի չմատնվել:

Վարժանքի ուսումնական նպատակներն են կատարելագործել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխգործակցությունը փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, ստուգել արձագանքող ուժերի պատրաստվածությունն ստեղծված իրավիճակում, ինչպես նաև կատարելագործել անձնակազմերի գործնական հմտությունները փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ:

Մեկնաբանել