Թրամփը Պուտինի ռազմավարական սխալ հաշվարկն է․ Die Welt-ի անդրադարձը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թեև դժկամորեն, այնուամենայնիվ համաձայնություն տվեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներին։ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների վերականգնում, ամենայն հավանականությամբ, չարժե սպասել, գրում է գերմանական Die Welt պարբերականը։ Հոդվածը ներկայացրել է Inopressa.ru կայքը։

«Այս շաբաթվա վերջում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերոսոնը ASEAN-ի գագաթաժողովի շրջանակներում կհանդիպի իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ. այս հանդիպումը փորձ կլինի հանդարտեցնել վերջերս լարված ամերիկա-ռուսական  հարաբերությունները»,- գրում է հոդվածագիր Յուլյա Սմիրնովան:

Մոսկվայում, ինչպես նշում է հեղինակը, ըստ երևույթին, «լավ գիտեն, թե ով ինչ դիրք ունի Սպիտակ տանը, և թե այժմ որքան սահմանափակ է Թրամփը Ռուսաստանի հետ իր քաղաքականության մեջ»:

«Հակառուսական նոր պատժամիջոցները (…) երկարատև հետևանքներ կունենան Ռուսաստանի համար։ Դրանք անհնար դարձրին Թրամփի և Պուտինի միջև գործարքը: Այժմ ԱՄՆ նախագահը չի կարող միակողմանի չեղյալ հայտարարել պատժամիջոցները, դրանց տևողությունն անորոշ է։ Բացի այդ, որևէ երաշխիք չկա, որ դրանք կվերանայվեն այն դեպքում, եթե Մոսկվան որոշակի քայլերի գնա»:

«Այսպիսով, դրանք դառնում են ոչ թե Պուտինի քաղաքականության վրա ազդեցության գործիք, այլ  պատիժ՝ Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում պատերազմի համար»,- կարծում է հեղինակը:

Հակառուսական պատժամիջոցների խստացման մեջ Կրեմլի «բազեները» տեսնում են իրենց տեսակետների հաստատում, այն է՝ արևմտյան պատժամիջոցները ոչ թե արձագանք են Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, այլ «ընդամենը ԱՄՆ ցանկություն՝ տնտեսապես ծնկի բերել Ռուսաստանին»։ Եթե հետևենք այդ տրամաբանությանը, Ռուսաստանը որևէ պատճառ չունի փոխելու իր քաղաքականությունը։

Չկա պատճառ հավատալու, որ նոր պատժամիջոցները կստիպեն Կրեմլին դադարեցնել աջակցությունը Ուկրաինայի անջատողականներին կամ Սիրիայում՝ Ասադին, Ղրիմը տալ Ուկրաինային կամ լուծարել հաքերների խումբը, որոնք ստանում են պետության աջակցությունը։ Մյուս կողմից, Մոսկվան այսուհետ կգիտակցի, որ իր քաղաքականությունը անհետևանք չի մնա. տեսականորեն, դա է պատժամիջոցների իմաստը։ Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում Պուտինին ոչինչ չի խանգարել էսկալացիայի ուղղությամբ հերթական քայլերն անելուն։  

«Ռուսաստանի գործոնը» երկար ժամանակ կլինի ԱՄՆ-ի քաղաքականության բաղադրիչը․ «Թեման այնքան թունավոր է, որ ամերիկացի քաղաքական գործիչներից շատ քչերը կհամարձակվեն բացեիբաց արտահայտվել Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման օգտին։ Առճակատումից ելք չի նկատվում»։

Մոսկվայի Կարնեգի կենտրոնից Դմիտրի Տրենինը կարծում է, որ «Պուտինը ԱՄՆ-ում տեսնում է երեք լայնածավալ ճգնաժամ»:

«Նախ, դա Թրամփի և նրա հակառակորդների առճակատումն է, որը կաթվածահար է անում ԱՄՆ վարչակազմի աշխատանքը։ Երկրորդ, էլիտայի և հանրության լայն շերտերի միջև կոնֆլիկտն է։ Երրորդ, վեճերը մեկուսացման քաղաքականության կողմնակիցների ու նրանց միջև, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ը չպետք է հրաժարվի համաշխարհային առաջատար գերտերության կարգավիճակից: Քանի դեռ այդ կոնֆլիկտները մնում են չլուծված, Պուտինը կգործի զգույշ և չի այրի բոլոր կամուրջները»,- ասում է Տրենինը:

«Ի վերջո, այդ ճգնաժամերը և ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև տարաձայնությունները կարող են ձեռնտու լինել Կրեմլին։ Մինչ Արևմուտքը վիճում է, Պուտինը կարող է հանգստանալ և մտածել հաջորդ մարտավարական քայլի մասին»,- եզրակացնում է հեղինակը։

Թարմանությունը՝ Զառա Պողոսյանի