«Խավարում» ցուցահանդեսի փակման պատճառը «աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել»․ Ամիրյան

Ցանկացած ցուցադրություն թանգարանը պետք է համապատասխանեցնի մշակույթի նախարարության հետ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին, yerkir.am-ի փոխանցմամբ, նշել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ անդրադառնալով Թումանյանի տուն-թանգարանի նախաձեռնած բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցահանդեսի փակմանը:

«Թեմայի հետ կապված մենք որևէ առարկություն չունենք, առավել ևս, տարվա ընթացքում այս թեման մենք արծարծել ենք տարբեր առիթներով»,- ասել է Ամիրյանը՝ ավելացնելով, որ ցուցահանդեսի փակման պատճառն «աշխատանքային ներքին կանոնակարգն է եղել»:

Դիտարկմանը, թե 22 օր եղել է ցուցադրությունը և նոր է փակվել, Արմեն Ամիրյանն արձագանքել է՝ ասելով․ «Այո, մենք տեղյակ չենք եղել այդ ցուցադրության մասին, ես տեղեկացվել եմ կիսամյակային հաշվետվության ժամանակ՝ բացումից 1 շաբաթ հետո մոտավորապես: Խոսքը աշխատանքային փոխհարաբերություններին է վերաբերում: Մենք առաջարկել ենք վերատեսության ենթարկել, նախարարության համապատասխան վարչության հետ համաձայնեցնել, ձևակերպումներ անելուց հետո ցուցադրությունը նորից կարող է վերականգնվել, բովանդակության հետ կապված ոչ մի առարկություն չունենք»:

Թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հասցեին հնչած սպառնալիքների մասին մշակույթի նախարարն ասել է, որ «եթե եղել են սպառնալիքներ, ապա սպառնացողը պատասխան կտա»։

***

Շուրջ 22 օր տևած «Խավարում» ցուցահանդեսը, որը նախատեսվում էր ցուցադրել մինչև աշնան վերջ, մշակույթի նախարարության որոշմամբ սեպտեմբերի 9-ին փակվեց: Ցուցահանդեսը Հովհաննես Թումանյանի թանգարանի մուտքի բացօթյա տարածքում էր և ներկայացնում էր ստալինյան բռնությունների զոհերին, որոնց թվում էին նաև Հովհաննես Թումանյանի երեք որդիները:

Մեկնաբանել