Պուտինն ու աշխարհը. ինչպիսին կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը 2018-ից հետո

Ռուսական Republic.ru կայքում ծավալուն հոդված է հրապարակվել 2018-ից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության հեռանկարների մասին։ Հոդվածագիր Վլադիմիր Ֆրոլովը փորձում է պարզել, թե ինչպիսին է լինելու Պուտինի արտաքին քաղաքականությունը նրա հերթական ընտրությունից հետո։ Հոդվածը կրճատումներով ներկայացված է ստորև։

Արդեն պարզ է՝ 2018թ․ մարտին ով կդառնա Ռուսաստանի հաջորդ նախագահը։ Սակայն ավելի քիչ պարզություն կա, թե ինչպիսի քաղաքականություն նա կվարի։ Եթե ապագա նախագահության սոցիալ-տնտեսական օրակարգը ինչ-որ կերպ դեռ քննարկվում է, ապա արտաքին քաղաքականության մասին որոշակիություն չկա:
Գլխավոր հարցերը

Կլինի՞ արդյոք Վլադիմիր Պուտին 4.0-ի արտաքին քաղաքականությունը նույնքան իմպուլսիվ և իրավիճակային՝ բարձր խաղադրույքներով և ռիսկերով, ինչպես նախորդ նախագաության ժամկետի ընթացքում էր, թե՞ կզարգանա ռազմավարական զսպվածության, ռիսկերի նվազեցման և հակամարտությունները նվազագույնի հասցնելու ուղղությամբ: Արդյոք նախապատվություն կտրվի կարգավիճակի և հեղինակության վերացական նպատակների՞ն («մեծ գերտերություն», «գլոբալ դերակատար», «ուժի աշխարհաքաղաքական կենտրոն»), ուշադրության կենտրոնում կլինեն ներքին զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծո՞ւմը, թե՞ կապահովվի այս երկու առաջնահերթությունների որոշակիորեն հավասարակշռված համադրությունը:

Արդյո՞ք կշարունակվի Եվրոպայում և այլ տարածաշրջաններում (Մերձավոր Արևելք, Աֆրիկա, Լատինական Ամերիկա) ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կորսված աշխարհաքաղաքական դիրքերի վերականգնման ուղղությունը, թե՞ տեղի կունենա «հավակնությունների վերանայում» աշխարհաքաղաքականության ռազմաքաղաքական պարզունակ ընկալումներից դեպի նոր որակի տեխնոլոգիական և տնտեսական առաջնորդության:

Ո՞ւր են Ռուսաստանի՝ միջազգային գործերում ներգրավվածության սահմանները, որոնք չեն խանգարի սեփական զարգացմանը: Վլադիմիր Պուտինի հանրային ելույթները դեռ չեն տեղավորվում ապագայի հստակ արտաքին քաղաքական պլատֆորմում:

2014թ․ Ղրիմը միացնելով և Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելով՝ Պուտինը ձեռնոց նետեց Սառը պատերազմից հետո ստեղծված աշխարհակարգին: Իրականում նախատեսվում էր իրականացնել «Բրեժնևյան դոկտրինա 2.0», որտեղ Ռուսաստանի և Արևմուտքի միջև գտնվող պետությունները (Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Բելառուս) չեն կարող ինքնուրույն որոշել իրենց արտաքին և պաշտպանական քաղաքականությունը, առևտրային և տնտեսական դաշինքները և նույնիսկ ընտրել իրենց կառավարություններն ու հասարակական կառուցվածքի ձևը՝ առանց Ռուսաստանի համաձայնության:

Այս ամենը պետք է ձևակերպվեր Արևմուտքի հետ նոր պայմանավորվածությամբ, քանի որ Սառը պատերազմն ավարտվեց առանց իրավական ձևակերպման, և կոնցեսիոներների իրավունքները չամրագրվեցին։ Համաշխարհային մասշտաբով առաջարկվեց անցում կատարել «մեծ տերությունների համերգի», որոնք լիարժեք ինքնիշխանություն ունեն և կարող են սահմանափակել փոքր պետությունների ինքնիշխանությունը: Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս համերգում առաջին հավասարներն են․ պետք է ունենան «աշխարհաքաղաքական պարիտետ» և միմյանց գործողությունների վրա վետոյի իրավունք:

Ռուսաստանը, որպես այդ նպատակներին հասնելու գործիք՝ օգտագործում էր «տեղում փաստեր ստեղծելու» և «նոր ճգնաժամային կետերով ճնշման» մարտավարությունը, որպեսզի «արևմտյան գործընկերներին» ստիպեր ճանաչել իր շահերը և սկսել «իրավահավասար երկխոսություն»: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ ճգնաժամային մանևրն ավելի կտրուկ էր և ավելի վճռական՝ ավելի անկանխատեսելի հետևանքներով ( Ղրիմի հարցի ստվերումը Դոնբասով, Ուկրաինայինը՝ Սիրիայով):

Արևմուտքի մայրամուտը հետաձգվում է

Գրեթե չորս տարի անց կարելի է հասկանալ, որ այդ նպատակները մնացել են չիրագործված (բայց պահպանվում են), և դրանց հասնելու հեռանկարներն ավելի անորոշ են, քան 2014թ․: Ազատական աշխարհակարգի ոչ մի փլուզում տեղի չունեցավ, արևմտյան պատժամիջոցների կոշտությունը գերազանցեց ռուսական ակնկալիքները: Արևմուտքի ներքաղաքական ճգնաժամը, որի հույսը փայփայում էր Ռուսաստանը Բրեքզիթի և ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթած Թրամփի շնորհիվ, տեղի չունեցավ, Նիդեռլանդներում, Ֆրանսիայում և վերջերս Գերմանիայում կայացած ընտրություններում Մոսկվայի խառնակիչ քայլերը չաշխատեցին, իսկ Թրամփը հիասթափեցրեց իր անօգնական վիճակով։

Այժմ այնքան էլ պարզ չէ, թե Կրեմլը ինչ պետք է անի այս ամենի հետ: Հիմա երկիրը ներգրավված է միաժամանակ երկու զինված հակամարտություններում (Ուկրաինա և Սիրիա), որտեղ ռազմավարական նպատակներին («ԱՄՆ-ի հետ մեծ աշխարհաքաղաքական գործարք») չի հասել, կորել է հետագա ներգրավվածության իմաստը, այս «բարձր ռիսկային վենչուրային ներդրումներից» ելքի ռազմավարությունը անհասկանալի է և չի քննարկվում, իսկ ինքնին ներդրումները ակտիվից վերածվում են «խոցելիության գործոնի»՝ հետագա էսկալացիայի հեռանկարով, ինչը կարող է խաթարել արդեն իսկ Ռուսաստանի ներքին զարգացումներում եղած ձեռքբերումները:

Արևմուտքի անկումը հետաձգվում է, և Ռուսաստանը ժամանակ չունի՝ գնալով հետ է մնալու

Ռուսաստանին այժմ վերագրվում են ի սկզբանե ամենավատ մտադրությունները, այն ընկալվում է որպես սպառնալիք, իսկ պոտենցիալ դաշնակիցները, ռուսական գործողություններին աջակցելու փոխարեն խառնաշփոթի մեջ փորձում են չափել Ռուսաստանի անկանխատեսելիությունը իրենց վրա:

Մոսկվան կարող է շարունակել նույն ոգով` մեկ ճգնաժամից դուրս գալ նոր, ավելի սուր ճգնաժամների ստեղծման միջոցով, չխառնվել շտկիչ գործողությունների քննարկմանը, սպասել հետարևմտյան աշխարհի անխուսափելի գալստյանը։ Սակայն որևէ երաշխիք չկա, որ արդյունքը տարբեր կլինի: Նոր ճգնաժամերը կստեղծեն նոր պարտավորություններ, նոր խոցելիություններ, մրցակիցների նոր պատասխան գործողություններ: Արևմուտքի անկումը հետաձգվում է, և Ռուսաստանը ժամանակ չունի՝ գնալով հետ է մնալու։

Կարճատև դադար

Պետք է ասել, որ 2017 թ. կեսերին Կրեմլի ախորժակը արտաքին քաղաքականության արկածախնդրությունների հանդեպ մի փոքր փակվել է, և ակնհայտ են «ռազմավարական զսպման» առաջին նշանները: Մոսկվան, աջակցելով հակամարտող կողմերից մեկին (գեներալ Խալիֆա Հաֆթար), մինչ օրս խուսափել է Սիրիայի սցենարով Լիբիա խցկվելու գայթակղությունից, հրաժարվել Եմենի հարցով գայթակղիչ առաջարկներից և նույնիսկ դադարեցրել ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ընդլայնումը կանխելու նպատակով Բալկանների (Բոսնիա և Հերցեգովինա, Մոնտենեգրո, Մակեդոնիա, Կոսովո և Սերբիա) ապակայունացմանն ուղղված արդեն իսկ սկսված գործողությունները:

Սիրիայում, Ասադի ռեժիմի փրկությունից հետո, ուղղություն է վերցվել դեպի դեէսկալացիա և քաղաքական կարգավորման բանաձևի որոնում: Սիրիական գամբիթի հիմնական նպատակը` Ղրիմից և Դոնբասից հետո ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերաձևումը, չի իրականացել:

Ուկրաինայի առնչությամբ Կրեմլը ցույց է տալիս խնդրի կարգավորման ողջամիտ միջազգայնացման ձգտում (Պուտինի՝ ՄԱԿ-ի խաղաղապահների նախաձեռնությունը): Սակայն միաժամանակ Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային համակարգի ճգնաժամային իրավիճակում արկածախնդիր ուղղություն է վերցվել՝ միջուկային զենքի տարածումը որպես ԱՄՆ զսպման և «ինքնիշխանությունը արտաքին միջամտությունից պաշտպանելու» գործիք դարձնելու ուղղությամբ, ինչը կարող է տհաճ շրջադարձերի հանգեցնել այլ տարածաշրջաններում։

Դեռ չկա այն ըմբռնումը, որ նոր զսպվածությունը երկարաժամկետ ռազմավարական ուղղություն է, այլ ոչ թե տակտիկական մանևր: Ռուսաստանցի ընտրողը նույնպես չի կողմնորոշվել. Ռուսաստանի հեղինակության վերականգնումը՝ որպես աշխարհում ամենաազդեցիկ երկրներից մեկի ( խոսքը կարգավիճակի մասին է), առանց որի չի կարող լուծվել որևէ կարևոր հարց, ցանկանում է 49 տոկոսը (ըստ հունիսին Լևադա կենտրոնի անցկացրած հարցման); Ռուսաստանի մասնակցությունը թեժ կետերում հակամարտությունների լուծման և ահաբեկչության դեմ պայքարում ցանկանում է միայն 21 տոկոսը; հակազդեցությունը Արևմուտքի ընդլայնմանն ու ԱՄՆ-ի ազդեցությանը ցանկանում է 19 տոկոսը; Ռուսաստանի Դաշնության սահմանների ընդլայնում ցանկանում է միայն 14 տոկոսը; իսկ ահա երկրի խաղաղ գոյության ապահովումը (այսինքն, ապրել առանց պատերազմի) ցանկանում է 59 տոկոսը:

Պետք է նշել, որ 2016 թվականից ի վեր ռուսական փորձագիտական շրջանակներում քննարկվել է երկրի արտաքին քաղաքականության մեջ ինքնասահմանափակումը, «ռազմավարական զսպվածությունը՝ զոռբայության փոխարեն» և «ռիսկային ակտիվներից» դուրս գալու ուղղությունը։

Փաստարկների տարբերությամբ հանդերձ՝ նրանց հիմնական հետևությունները համընկնում են. Պուտինի արտաքին քաղաքականությունը փայլուն է, բայց երկրի տնտեսական թուլությունն ու տեխնոլոգիական հետամնացությունը սահմանափակում են հետագա հաղթանակների հնարավորությունները և նույնիսկ վերածվում են արտաքին քաղաքականության խոցելիության գործոնի: Անհրաժեշտ է ձեռք բերված դիրքերի կոնսոլիդացման ժամանակաշրջան, և շեշտը պետք է դրվի ներքին զարգացման և տեխնոլոգիական արդիականացման վրա; արտաքին քաղաքականության հավակնությունները պետք է կրճատվեն, իսկ արտաքին քաղաքականությունը պետք է ավելի սերտորեն կապված լինի ներքին զարգացման խնդիրների հետ:

Ընդդիմությունը, հատկապես «Յաբլոկոն», ևս ունի որոշ հետաքրքիր գաղափարներ, օրինակ, նախագահի սահմանադրական լիազորությունների սահմանափակումն արտերկրում ռուսական զինված ուժերի օգտագործման համար, սակայն դրանց իրականացման հեռանկարները մեծ չեն:

Երեք հավակնոտ նպատակ

Միևնույն ժամանակ, միջազգային ասպարեզում Ռուսաստանի հայտարարած նպատակների հիմնական կետերը, որոնք դժվարացնում են ռազմավարական զսպմանն անցնելը, մնում են փակագծերից դուրս: Նրանք կշարունակեն զարգացնել սցենարներ ճգնաժամի խորացման, խաղադրույքների բարձրացման, Ռուսաստանի Դաշնության՝ այլ պետությունների գործերում ներգրավվածության ավելացման համար։ Այսօր ռուսական արտաքին քաղաքականության մեջ կա երեք «հավակնոտ նպատակ»:

Առաջինը՝ Ռուսաստանին Արևմուտքից բաժանող «սահմանային պետությունների» (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, հավանաբար՝ Սերբիա) արտաքին և պաշտպանական քաղաքականությունը վերահսկելու ձգտումն է: Վերահսկումը ենթադրում է այդ երկրներում ռուսամետ քաղաքական ռեժիմների ստեղծում, որոնք ընդունում են իրենց ինքնիշխանության սահմանափակումները: Եթե այդպիսի հսկողություն անհնար է, ապա շեշտը դրվում է քաոսի վրա: Միևնույն ժամանակ, Մոսկվայում ընդամենը երկու գործիք կա հասնելու այդ նպատակին` էլիտաների կաշառում և հիբրիդային պատերազմ:

Երկրորդ նպատակը, որը սերտորեն կապված է առաջինի հետ, հետխորհրդային տարածքում և ներկայիս Մերձավոր Արևելքի ավտորիտար ռեժիմների դեմ գունավոր հեղափոխությունների և զինված ապստամբությունների հակազդեցությունն է։ Հաշվի առնելով սպառնալիքի սխալ գնահատականը (գունավոր հեղափոխությունը ընկալվում է որպես Արևմուտքի կողմից ռազմական ագրեսիայի ձև), այս նպատակը կանխորոշում է ոչ ռազմական մարտահրավերներին ռազմական ուժերի արձագանքման անհրաժեշտությունը և գրեթե ինքնաբերաբար Ռուսաստանին ներքաշում է անհարկի արկածների մեջ՝ միջամտություն այլ երկրների արտաքին գործերին, ինչն աշխարհում ընկալվում է որպես ռազմական ագրեսիա:

Երրորդ նպատակը ԱՄՆ-ի ռազմավարական զսպումն է և ամերիկյան ազդեցության խաթարումը աշխարհում: Մասամբ դա պաշտպանական բնույթ է կրում ` ԱՄՆ-ին պահել հեռավոր մատույցներում և այլ տարածաշրջաններում, որպեսզի չխցկվի հետխորհրդային տարածություն: Սակայն հեռավոր մատույցներում Վաշինգտոնին զպսելը, ինչպես խորհրդային ժամանակաշրջանում, նշանակում է ներգրավվածություն ԱՄՆ-ի մասնակցությամբ տարբեր տարածաշրջանային հակամարտություններում, ինչպես նաև ԱՄՆ-ի շահերի վրա ճնշման նոր կետերի ստեղծում նույնիսկ այնտեղ, որտեղ ռուսական շահեր չեն դիտարկվում:

Այդ կետերում ռազմավարական զսպվածության տեղ դեռ չկա: Բայց ապագա նախագահը, ով միակն է, որ կարող է շտկել «հավակնոտ նպատակները», դադար է վերցրել՝ հնարավորությունների լուսամուտը թողնելով բաց։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել