Սարգսյան-Ալիև գագաթաժողով՝ Ժնևում․ բարձր խաղադրույքներ, փոքր ակնկալիքներ

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ժնևում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։ Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2016թ․ Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Անցյալ շաբաթ Ալիևն ու Սարգսյանը Սոչիում էին, որտեղ մասնակցում էին ԱՊՀ գագաթաժողովին, սակայն եռակողմ հանդիպում տեղի չէր ունեցել։

Ժնևյան այսօրվա գագաթաժողովը կազմակերպվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետների միջնորդությամբ։

Կովկասյան տարածաշրջանի իրադարձությունները լուսաբանող commonspace.eu կայքի քաղաքական խմբագրի մեկնաբանությամբ՝ հանդիպման հաջողության «խաղադրույքները բարձր են»։

«Հաշվի առնելով, որ երկու կողմերն այս պահին ունեն արդի սպառազինություններ, որոնց մեծ մասը նրանց մատակարարում է Ռուսաստանը, ռազմական գործողությունների վերսկսումը կհանգեցնի տարածաշրջանի հետագա դատարկման։ 2016թ․ ապրիլի դեպքերը, երբ ռազմական գործողությունների վերսկսումը հանգեցրեց երկու կողմերից բազմաթիվ զոհերի, դարձան տեսանելի օրինակ այն բանի, թե ինչ կարող է տեղի ունենալ։ Չնայած՝ միջազգային հանրությունն անհանգստացած է Արևելյան Ասիայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի է՛լ ավելի մեծ վտանգներով, ղարաբաղյան հակամարտությունը շարունակում է մնալ տարածաշրջանի սահմաններից դուրս անհանգստության պատճառ։

Երկու նախագահների միջև հանդիպումը լավ նշան է, որ երկու կողմերը պատրաստ են կրկին նստել բանակցությունների սեղանի շուրջ, որոնք այդքան անհրաժեշտ են հակամարտության կարգավորման համար։ Սակայն հանդիպումից ակնկալիքները տարածաշրջանում և դրանից դուրս փոքր են։ Երկու ղեկավարները շատ են հանդիպել 2008-ից սկսած՝ ամեն անգամ ակնթարթային բեկման հույսեր արթնացնելով։ Սակայն ընդունված որոշումներով հետագա քայլերի բացակայությունը իրավիճակը մշտապես վերադարձրել է է՛լ ավելի ցածր կետի, քան նախկինում էր։

Հաշվի առնելով, որ այժմ արդեն կա ժամանակի սպառման կանխազգացում, և որ ստատուս քվոն այժմ ոչ միայն անընդունելի է, այլև է՛լ ավելի ոչ նպատակահարմար, այս հանդիպումը կարող է Աիևի և Սարգսյանի համար դառնալ վերջին հնարավորությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմամբ հետք թողնել պատմության մեջ»։

Մեկնաբանել