Դատախազը յոթ տարի է պահանջում Սամվել Բաբայանի համար

«Իգլա»-ի գործով մեղադրող դատախազն այսօր միջնորդեց Սամվել Բաբայանին դատապարտել յոթ տարվա ազատազրկման:

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Լեռնային Ղարաբաղի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և մյուսների՝ «Իգլա»-ի գործով դատական նիստը: Այս գործով դատաքննությունն ավարտվել է, և դատարանն անցել է վիճաբանությունների փուլին:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչել և դատապարտել ազատազրկման յոթ տարի ժամկետով, Սանասար Գաբրիելյանին՝ չորս տարի ժամկետով, Արմեն Պողոսյանին՝ երեք տարի ժամկետով:

Մեղադրողը մյուս ամբստանյալներ Դավիթ Հարությունյանին միջնորդեց մեղավոր ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման, Ժորա Զաքարյանին՝ երկու տարի, բայց նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականերեն չկիրառել և սահմանել փորձաշրջան երեք տարի ժամկետով, Կարեն Քոչարյանին՝ երեք տարի, Անդրանիկ Քոչարյանին երկու տարի՝ նշանկված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու համար։ Բաբայանը մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ:

Մեկնաբանել