Ֆուտբոլասերն ընդդեմ «Յուքոմի»․ դատարանը մասնակիորեն բավարարեց հայցը

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 17-ին մասնակի բավարարեց ԵՊՀ դասախոս, իրավաբան Գրիգոր Բեքմեզյանի հայցն ընդդեմ «Յուքոմ» (Ucom) ընկերության:

Բեքմեզյանը պնդում է, որ «Յուքոմ» ընկերությունը չի կատարել ստանձնած պարտավորությունները, չի ցուցադրել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության խաղերը և այդ մասին չի ծանուցել բաժանորդներին:

Այսօր դատավոր Հայարփի Զարգարյանը վճռեց, որ ընկերությունը պետք է փոխհատուցի բաժանորդին 2016-ի օգոստոսից՝ ամեն ամիս բաժանորդային վճարից գանձված 1080 դրամ։ Սա այն գումարն է, որը հայցվորը ներկայացրել էր որպես չցուցադրված հաղորդաշարի վճար: Հայցի մյուս պահանջները դատարանը մերժեց:

Գրիգոր Բեքմեզյանը, Սիվիլնեթի հետ զրույցում մեկնաբանելով վճիռը, ասաց. «Եթե բավարարել է բաժանորդային վճարի նվազեցման մասով հայցը, ստացվում է, որ ծառայությունը թերի է մատուցվում «Յուքոմ»-ի կողմից՝ անկախ նրանից, թե մեկ այլ հեռուստաալիք ունի այդ բացառիկ հնարավորությունը, թե ոչ, ինչը մենք ասում էինք ի սկզբանե»,- պարզաբանեց իրավաբանը։

Ըստ նրա՝ եթե «Յուքոմն» իսկապես ցանկանում է բարեխիղճ ծառայություն մատուցել, ապա այս խնդիրը չպետք է հասներ դատարան․ «Ընկերությունը պարտավոր էր իր բաժանորդների շահերի հետ կապված ձեռնարկել գործողություններ, այսինքն՝ եթե «Յուքոմը» կնքում է պայմանագիր և պարտավորվում է ինչ-որ ալիքներ հեռարձակել, ապա դրանք պետք է լինեն օրինական, ու ընկերությունը պարտավոր է ունենալ դրանց իրավունքները։ Ես գտնում եմ, որ «Յուքոմը» բարեխիղճ չի եղել իր բաժանորդների հանդեպ։ Անգամ եթե Հ2 հեռուստաընկերությունն ունի բացառիկ իրավունք՝ ցուցադրել լիգայի խաղերը, այդ դեպքում «Յուքոմը» պետք է բանակցեր ու ստանար հեռարձակելու թույլտվություն»,- ասաց իրավաբանը։

Հարցին՝ արդյոք Գրիգոր Բեքմեզյանը պատրաստվո՞ւմ է բողոքարկել առաջին ատյանի դատարանի վճիռը, որպեսզի մյուս պահանջները ևս բավարարվեն, իրավաբանը պատասխանեց, որ դեռ պետք է վճիռը ստանան, ուսումնասիրեն, որից հետո կորոշեն հետագա անելիքները։

Դատարանում ներկա էր նաև «Յուքոմի» իրավաբաններից մեկը, ով չցանկացավ մեկնաբանություն տալ՝ պարզաբանելով, որ այս գործով լիազոր ներկայացուցիչ չէ։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել