Մշակույթի նախարարությունը դեմ չէ Վանաձորի Արցախի պուրակում կառուցապատմանը

Մշակույթի նախարարությունը սկզբունքորեն առարկություն չունի Վանաձոր քաղաքի Արցախի պուրակում ընթացող կառուցապատմանը՝ պայմանով, որ տարածքի բարեկարգման նախագիծը կներկայացվի լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Այս մասին Սիվիլնեթի հարցմանն ի պատասխան՝ ասել է մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը։

Արցախի պուրակը ներառված է տեղական նշանակության հուշարձանների ցանկում: Այն պատմական նշանակություն ունի վանաձորցիների համար։ 1988-ի շարժումը Վանաձորում հենց այս պուրակում է սկսվել։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ավելի վաղ հայտարարել է, որ պուրակում շինարարություն սկսելու հարցը հանրային քննարկման չի դրվել։

Արցախի պուրակի տարածքի սեփականատեր «Գ և Մ» ընկերության 100 տոկոս բաժնետերը Գարիկ Դանիելյանն է։ Նրան ամբողջությամբ պատկանում է նաև «Ազատամարտիկ Պարգև» ընկերությունը, որին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը սեպտեմբերի 29-ին թույլատրել է մինչև 2028-ը օգտագործել Վանաձորի արհեստական լճի տարածքը։ Արթուր Սաքունցի պնդմամբ՝ այն պատկանում է ոստիկանության Գուգարքի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շահվերդյանին, որը նաև իրականացնում է Արցախի պուրակի շինարարությունը։

Մեկնաբանել