ԵՄ-ն կհատկացնի 170 միլիոն եվրո․ դեսպան Սվիտալսկին ասել է՝ ինչպես կբաշխվի այդ գումարը

Եվրոպական Միությունը առաջիկա երեք տարիներին Հայաստանին 170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ Նա ներկայացրել է նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող հնարավորությունները։

ԵՄ-ի ֆինանսավորումը բաժանվելու է չորս խոշոր մասերի, որի մեծ մասը՝ 35 տոկոսը, կուղղվի տնտեսության զարգացմանը։

«Մեծ մասը կհատկացվի տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանը և տնտեսական ակտիվության խթանմանը: Ամբողջ գումարի 35 տոկոսը կուղղվի տնտեսական ոլորտին՝ տարբեր նախագծերի և տարբեր գործողությունների միջոցով, ինչպիսիք են աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին: Նույնիսկ հիմա ունենք որոշ ծրագրեր, որոնք շատ կարևոր են, քանի որ նրանք փոքր և միջին բիզնեսի համար ապահովում են ֆինանսների հասանելիություն: Կլինեն այլ ծրագրեր ևս: Մենք այդ գումարը կուղղենք տնտեսական գործունեության շատ կոնկրետ ոլորտների»:

Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ի առաջնահերթությունը կլինեն զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, ՏՏ ոլորտը՝ հիմնականում մրցույթներին դիմելու առաջարկների, ուղղակի դրամաշնորհների միջոցով, երբեմն նաև այլ միջազգային կազմակերպությունների, տեղական գործընկերների միջոցով։

170 միլիոն եվրո գումարից շուրջ 15-ական տոկոսներ էլ կուղղվեն երեք ոլորտների, որոնք են․

– Ավելի ուժեղ կառավարում, որտեղ կկարևորվի օրենքի գերակայությունն ու հակակոռուպցիոն մեխանիզմների ամրապնդումը; դատական բարեփոխումների իրականացումը։

– Ավելի ուժեղ կապակցելիություն, որտեղ կկարևորվեն տրանսպորտային կապերն ու էներգետիկան, ինչպես նաև բնապահպանության ու կլիմայի փոփոխության հարցերը։

– Ավելի ուժեղ հասարակություն, որտեղ կկարևորվի շարժունակությունն ու մարդկանց միջև շփումների ընդլայնումը; վիզայի ազատականացումը։

«Լավ կառավարում նշանակում է հանրային կառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, դատական համակարգի անկախություն և հարակից ոլորտներ: 15 տոկոսը կուղղվի կապի և հաղորդակցության ոլորտին, մասնավորապես՝ տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներ, իսկ 15 տոկոսը` մարդկանց հետ շփումների ընդլայնմանը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող աջակցությանը»,- ասել է Սվիտալսկին:

Խոսելով վիզաների ազատականացման մասին՝ դեսպան Սվիտալսկին ասել է, որ համաձայնագրում կոնկրետ դրույթներ կան դրա վերաբերյալ։ Նա նշել է, որ այդ ուղղությամբ առաջընթաց ունենալու համար պետք է կատարվեն անհրաժեշտ քայլեր։

«Հուսով եմ՝ կկարողանանք առաջընթաց արձանագրել այդ ուղղությամբ: Սակայն թույլ տվեք հստակեցնել՝ վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է:

Եվ ոչ միայն ԵՄ երկրների կառավարությունները, այլև դրանց շարքային քաղաքացիները պետք է համոզվեն, որ Հայաստանի նման երկրի առջև սահմանները բացելը իրենց համար ևս շահավետ է։ Նրանք պետք է համոզված լինեն, որ գործընկեր երկրները իրենց եվրոպացի են զգում, ցանկանում են ապրել եվրոպական չափանիշներով, ունեն եվրոպական նպատակներ և ձգտումներ: Դա է սկզբունքը, և այլ երկրների փորձը շատ հստակ է այս առումով»:

2018թ․ ապրիլի մասին

Հաջորդ ապրիլին, երբ կլրանա Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, Հայաստանում սպասվում է (կամ չի սպասվում) քաղաքական փոփոխություն։ Խնդիրն այն է, թե արդյոք Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկիրը՝ նախագահի պաշտոնից անցում կատարելով վարչապետի պաշտոնին։ Հարցին, թե որքանով է այս ամենը տեղավորվում ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրի կոնտեքստում, Սվիտալսկին պատասխանել է․

«ԵՄ-ի համար այս համաձայնագրի գլխավոր շարժառիթն է նպաստել ավելի կայուն, բարեկամական, ամուր հարևանությանը: Այս համաձայնագիրը Եվրոպայի հարևան երկրների հետ լավ հարաբերություններ ապահովելու ընդհանուր ռազմավարության մասն է: Եվ մենք պատրաստ ենք խոսել և բանակցել այլ երկրների հետ, եթե նրանք շահագրգռված են: Այս իմաստով, համաձայնագիրը վեր է կարճաժամկետ նկատառումներից՝ մասնավորապես, մեր գործընկերների ներքին գործերին վերաբերող նկատառումներից, որոնք դուք հնչեցրեցիք։ Այս հարցերի շուրջ՝ սահմանադրական փոփոխություններ, Հայաստանի կառավարման մարմինների կազմ, հայաստանցինե՛րը պետք է քննարկումներ և որոշումներ կայացնեն։ ԵՄ-ն այս քննարկման մաս չի դառնա»:

Սվիտալսկին ասել է, որ ԵՄ-ի համար կարևորն այն է, որ տեսնում են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և զարգացման գործընթացը: «Այն, իհարկե, պետք է պայմանավորված լինի ընտրական գործընթացի բնույթով, զսպումների և հակակշիռների մեխանիզմով, մեկ ուժի ձեռքում իշխանության կենտրոնացումը կանխելով, անկախ դատական համակարգով, իրավապահ մարմինների քաղաքական չեզոքությամբ, ազատ լրատվամիջոցներով, կենսունակ քաղաքացիական հասարակությամբ և այլնով»:

«Այսպիսով, ամեն անգամ, երբ մենք երկխոսություն ենք վարում և համագործակցում գործընկեր երկրների հետ, մենք դիտարկում ենք այս ավելի լայն պատկերը»,- ասել է դեսպան Սվիտալսկին։

Մեկնաբանել