Պոլսի պատրիարքությունը Աթեշյանին հորդորում է ընդունել տեղապահի ընտրության արդյունքը և հրաժարական տալ

Պոլսի Հայոց պատրիարքությունը արձագանքել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ երևանյան մամուլի ասուլիսին արած այն հայտարարությանը, թե թուրքական պետությունը իրեն է ճանաչում որպես Պոլսի պատրիարքական փոխանորդ։

«Ճշմարտությունը խեղաթյուրելու, գործընթացով մոտիկից չհետաքրքրված անձանց խաբելու նախաձեռնությունները, որոնց հաճախ ականատես ենք Թուրքիայում, շարունակվում են երկրի սահմաններից դուրս»,- ասված է պատրիարքության հայտարարությունում։

«Տեղապահի ընտրությունը մեր եկեղեցու ներքին հարցն է և իրականացվում է ըստ կարգի, կանոնների ու ավանդույթների։ Ուստի 2017թ․ մարտի 15-ի պատրիարքական աթոռի ամենալիազոր մարմնի՝ Եկեղեցական համագումար ժողովի գումարմամբ կայացած ընտրությամբ, որին թեկնածուներից մեկը նաև նա էր, տեղապահն ընտրված է ըստ կանոնի։ Նրա առաջին պարտավորությունն է հարգանքով ընդունել ընտրության արդյունքն ու խուսափել մեր եկեղեցու ներքին հարցը հրապարակային ու խեղաթյուրիչ արտահայտություններով բանավեճի նյութ դարձնելուց։ Մասնավորապես, ժողովի որոշման համաձայն՝ նա պարտավոր էր հրաժարվել ընդհանուր փոխանորդի պաշտոնից, սակայն նա հրաժարվում է հրաժարական տալ՝ մի բան, որը մեզ դրել է ամոթալի վիճակի մեջ։ Իր այս վարքագծով նա ստիպում է Եկեղեցական համագումար ժողովին, որը նրան դրել էր այդ պաշտոնին, նրան պաշտոնանկ հռչակել՝ մի բան, որը ծայրաստիճան տխուր փաստ է։ Բացի այդ, ընտրված տեղապահին չճանաչելու մասին մեր պետության կողմից հայտարարություն գոյություն չունի»,- ասված է հայտարարությունում։

Անցյալ շաբաթ Պոլսի Հայոց պատրիարքական աթոռի միաբան Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Երևանում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հենց ինքն է պետության կողմից ընդունված պատրիարքական փոխանորդը, և Թուրքիայի իշխանությունները չեն ընդունում այս տարվա մարտի 15-ին պատրիարքության ժողովի կողմից ընտրված տեղապահ Գարեգին Բեքչյանին։

Այս տարվա ապրիլին ՍիվիլՆեթը Ստամբուլում` Բաքըրքոյի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, հանդիպել էր Գերմանիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդ, 2017 թ․ մարտի 15-ին Կ․Պոլսի պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արք․ Բեքչյանի հետ (Գարեգին արք. Պէքճեան): Գարեգին Բեքչյանը ՍիվիլՆեթին մեկնաբանել է ստեղծված անորոշ իրավիճակը։

Մեկնաբանել