Ապահովագրող գործակալները բանավեճ են պահանջում

Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալները մաքսակետի տարածքում գործունեության իրավունք ստացած «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի ներկայացուցիչներին հրավիրում են բանավեճի։ Այս մասին Սիվիլնեթին հայտնեց գործակալներից Արթուր Ամիրաղյանը՝ պաատսխանելով «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի տարածած հայտարարությանը։

Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալները արդեն մի քանի օր է, ինչ իրենց բողոքում են մաքսակետում ապահովագրող գործակալների համար ստեղծված անհավասար պայմաններից։ Մասնավորապես «Թոփ-Սփին» ընկերությունը, որը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանսը», անմիջապես մաքսակետի տարածքում գրասենյակ էր բացել, մինչդեռ մյուս գործակալները ստիպված էին աշխատել այդ տարածքից դուրս։ Գործակալներն ասում են, որ տեղյակ չեն եղել մաքսակետի տարածքում գրասենյակի վարձակալության աճուրդի մասին, համացանցում այդ մասին նույնպես տեղեկություն չկա։

Հունվարի 9-ի երեկոյան «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով իրեն ուղղված մեղադրանքներին։

«2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն մասնակցել է պետական գույքի կառավարման վարչության կողմից կազմակերպված աճուրդին, ինչի մասին ժամանակին հետևել և պատշաճ կերպով տեղեկացվել էր պետական գույքի կառավարման պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով, ու շահել ՀՀ պետական սահմանի Բագրատաշենի մաքսակետում տարածք վարձակալելու և գործունեություն ծավալելու իրավունքը` Բագրատաշեն գյուղում շուրջ 11 քառակուսի մետրանոց սենյակի համար ամսական 25 000 դրամ վարձավճարով: Բացի այդ, տեղեկացնենք, որ «Թոփ-Սփին» ՍՊԸ-ն, որը 2013թ.-ից գրանցված է Կենտրոնական բանկի ապահովագրական գործակալների ռեեստրում որպես «Նաիրի ինշուրանս» ընկերության գործակալ, վերոհիշյալ աճուրդում հաղթելուց հետո, ՀՀ օրենսդրության պահանջների համապատասխան և ծառայությունների մատուցման առավել լայն տեսականի ապահովելու նկատառումներից ելնելով, դիմել է ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերություններին գործակալական գործառույթների պատվիրակման թույլտվություն ստանալու և համատեղ գործունեություն իրականացնելու առաջարկով և առաջիկայում ակնկալում է դրական արձագանք ու հետագա արդյունավետ համագործակցություն, ինչն ինքնըստինքյան բացառում է մենաշնորհի մասին ոչնչով չհիմնավորված խոսքերը: Ինչպես գործակալների բազմաթիվ այլ պնդումներ, իրականության հետ կապ չունի նաև այն, թե իբր «Թոփ-Սփին»-ը մինչ մրցույթում հաղթելը մաքսակետի տարածքում գործունեություն է իրականցրել և միայն վարչապետի միջամտության շնորհիվ է այն դուրս բերվել մաքսակետի տարածքից»։

Ապահովագրական գործակալ Արթուր Ամիրաղյանը ՍիվիլՆեթին ասաց, որ «Թոփ-Սփին»-ի հետ իրենք պատրաստ են բանավեճի ընթացքում հիմնավորել իրենց մտահոգություններն ու հայտարարությունները։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել