Ապահովագրական մենաշնորհ՝ նաև Բավրայի մաքսակետում

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործակալ «Թոփ-Սփին» ընկերությունն արդեն վեց ամիս է, ինչ մենաշնորհային դիրք ունի Բավրայի մաքսակետում։ Այս մասին ՍիվիլՆեթի հետ հեռախոսազրույցում հայտնեց Բավրայի անցակետի հարակից տարածքում նախկինում աշխատող ԱՊՊԱ գործակալ Արմեն Ասլանյանը։

Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում աշխատող ԱՊՊԱ գործակալները արդեն մի քանի օր է, ինչ բողոքում են մաքսակետում ապահովագրող գործակալների համար ստեղծված անհավասար պայմաններից։ Մասնավորապես, «Թոփ-Սփին» ընկերությունը, որը ներկայացնում է «Նաիրի Ինշուրանսը», անմիջապես մաքսակետի տարածքում գրասենյակ էր բացել, մինչդեռ մյուս գործակալները ստիպված էին աշխատել այդ տարածքից դուրս։ Գործակալներն ասում են, որ տեղյակ չեն եղել մաքսակետի տարածքում գրասենյակի վարձակալության աճուրդի մասին, համացանցում այդ մասին նույնպես տեղեկություն չկա։

«Եթե այս խնդիրը Բագրատաշենի անցակետում նոր է ծագել, ապա մեզ մոտ այն առկա է արդեն ամիսներ շարունակ, ինչ մաքսատան տարածքում բացվեց այդ գրասենյակը։ Աղմուկ բարձրացրինք, բայց ոչ մի արդյուք, ու իրենք շարունակում են աշխատել»,- նշեց Ասլանյանը։

Նա ՍիվիլՆեթին տրամադրեց Բավրայի մաքսակետում «Թոփ Սփինի» կողմից հունվարի 10-ին կնքված պայմանագիրը։

ԱՊՊԱ գործակալը նշեց, որ իրենց ևս ասվել է, որ «Թոփ-Սփինը» մաքսատան տարածքում գրասենյակը վարձակալել է աճուրդի արդյունքում։

«Մեզ ասացին, որ ներսում տարածքի համար տենդեր է շահել այդ ընկերությունը։ Դիմեցինք պետական մարմիններին, որպեսզի մեզ ներկայացնեն, թե որտեղ է եղել հայտարարությունը, ով է մասնակցել, սակայն այդպես էլ չներկայացրին»,- ասաց Արմեն Ասլանյանը։

Ըստ գործակալի՝ «Թոփ-Սփինը» այդ տարածքում երբևէ չի գործել։ Մինչև մաքսատան տարածում գրասենյակի բացումը, «Նաիրի Ինշուրանսի» երկու առանձին գործակալ աշխատել են մյուս գործակալների հետ նույն տարածքում, սակայն «Թոփ-Սփինի»՝ մաքսատան տարածք տեղափոխվելուց հետո նրանք դադաեցրել են գործունեությունը։

«Մեր հույսն այն էր, որ Երևանից հարցերը կլուծեն։ Ապահովագրողների բյուրո դիմեցինք, ասացին՝ դատի ենք տալու, մոնաշնորհ է, չի կարելի։ Բայց պարզվեց Բյուրոն շատ լավ էլ թույլ է տալիս, մարդիկ շատ էլ լավ գործը անում են»,- նշեց Ասլանյանը՝ հավելելով, որ մինչ մաքսատան տարածքում այդ գրասենյակի բացումը, հարակից տարածքում 30 աշխատող կար, սակայն փոփոխությունից հետո մնացել են 5-6։

«Երկու ամիս ձգում էինք, դրանից հետո անհնար էր մրցակցել։ Ես ինքս փակել եմ, քանի որ իմաստ չկար։ Ծախսերը չէի կարողանում փակել»,- ասաց ԱՊՊԱ գործակալը։

Անի Գրիգորյան

Մեկնաբանել