Հանրապետականը նախագահի թեկնածուների անուններ է քննարկում

Մոտ օրերս մենք արդեն անունների շուրջ քննարկումներ կկազմակերպենք, և այդ մասին բոլորը կիմանան․ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով նախագահի հնարավոր թեկնածուի մասին հարցին:

«Եթե կոնկրետ նշում եք Արմեն Սարգսյան անունը, հնարավոր է՝ նաև այդ թեկնածությունը քննարկվի: Ինձ թվում է՝ չափորոշիչների մեջ կարելի է տեղավորել, բայց մենք դեռ անձերի չենք անդրադարձել, մոտ օրերս քննարկումներ կկազմակերպենք անունների շուրջ, և դրա մասին դուք կիմանաք: Այնպես չէ, որ պետք է լինի մեկ թեկնածու, և մենք մի թեկնածուի շուրջ այդ քննարկումը ծավալենք: Հնարավոր է` մի քանի թեկնածուներից ընտրենք մեկ թեկնածուի և ներկայացնենք, քննարկումների արդյունքում կտեսնենք»,- tert.am-ը մեջբերում է Բաղդասարյանին։

ՀՀԿ խմբակցության ղեկավարը շեշտել է, որ ՀՀ ապագա նախագահի հարցում ՀՀԿ-ն այնպիսի ընտրություն պետք է կատարի, «այնպիսի անձ պետք է ընտրի, որն ընդունելի կլինի նաև բոլոր քաղաքական ուժերի համար»:

Հարցին՝ փոփոխությունների արդյունքում հնարավո՞ր է, որ «իշխող ուժից նեղացած և քաղաքականությունից դուրս մնացած անձինք կրկին վերադառնան», Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, թե ինքը «չգիտի՝ ովքեր են նեղացածները»:

Հովիկ Աբրահամյանի մասին հարցին ի պատասխան՝ Բաղդասարյանը ասել է․ «Հովիկ Աբրահամյանն այսօր զբաղվում է իր գործունեությամբ, պարզապես նա ժամանակավորապես պասիվ է քաղաքականության մեջ, և դա նորմալ երևույթ է»: ՀՀ նախկին վարչապետը նախագահի թեկնածուների թվում չկա, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի։

***

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ իր նստավայրում հանդիպում է ունեցել մի խումբ մտավորականների հետ: Հանդիպմանը Սերժ Սարգսյանը, ներկայացնելով իր պատկերացումը Հանրապետության ապագա նախագահի մասին, նշել է, որ կարծում է՝ խոսք պետք է լինի մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում, այսինքն՝ կատարել իր ներկայացուցչական ֆունկցիաները և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս: Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է տիրապետի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել:

Մեկնաբանել