Շիրակի մարզի փաստաբանները մեկօրյա գործադուլ կանեն

Շիրակի մարզի փաստաբանները հունվարի 24-ին մեկօրյա բողոքի ակցիա են իրականացնելու, այս մասին հաղորդում է փաստաբանների պալատը:

Վերջիններիս բողոքը վերաբերում է ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորմանը:

«Շիրակի մարզի փաստաբաններս միանալով ՀՀ դատական օրենսգրքի նախագծով դատարանի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանքի կիրառում նախատեսող իրավակարգավորման վերաբերյալ մեր գործընկերների կողմից տարածված հայտարարությանը, տեղեկացնում ենք, որ նույնպես որպես նախազգուշական քայլ, մեկ օրյա բողոքի ակցիա ենք իրականացնելու՝ այդ օրը հրաժարվելով Շիրակի մարզում պետական մարմիններում (այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում) պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց:

Մեր վստահորդները գիտակցում են, որ այս պայքարն իրենց արդար դատաքննության իրավունքի համար է, քանի որ ճնշված փաստաբանը չի կարող դատարանում արդյունավետ պաշտպանություն ապահովել:

Կոչ ենք անում ՀՀ Ազգային ժողովին՝ հաշվի առնել փաստաբանների տեսակետը»,- ասվում է փաստաբանների հայտարարությունում:

Հունվարի 22-ին բողոքի ակցիա են իրականացնում նաև Լոռու մարզի փաստաբանները:

Մեկնաբանել