«Ավրորա»-ից հետո հայ լինելն այլ զգացողություն է

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը ՍիվիլՆեթի Սյուզաննա Պետրոսյանի հետ զրուցել են «Ավրորա»-ի նպատակների մասին։ Զրույցը տեղի է ունեցել անգլերեն։ Յութուբում այն կարելի է դիտել՝ միացնելով հայերեն ենթագրերը։ Ստորև առանձնացված են Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի առավել ուշագրավ մտքերը։

Ռ․Վ․ – Էականն այն է, որ մենք սկսել ենք Հայաստանում և դարձել գլոբալ, քանի որ մենք խոսում ենք մի բանի մասին, որը ոչ միայն կապված է հայերի պատմությունների, Հայոց ցեղասպանության պատմության հետ։ Մեր հիմնական ուղերձն այն է, որ մենք ոչ միայն հիշում ենք և երախտապարտ ենք մեզ փրկած անձանց, այլ մտածում ենք մի բանի մասին, որն առանցքային է աշխարհի տարբեր վայրերում։ Խոսքը մարդկային արժեքների, մարդասիրական գործունեության մասին է, բոլոր այն խնդիրների, որոնք գնալով ավելի կարևոր նշանակություն են ձեռք բերում մարդկանց համար՝ անկախ նրանց ազգությունից, կրոնական պատկանելությունից։

Ն․Ա․ – Հայկականությունը կենսական է «Ավրորա» նախաձեռնությունում։ Այն ընկած է մեր ոգեշնչման հիմքում, և դժվար է տարանջատել մեր գործունեությունն ու այդ ոգեշնչումը․․․ Մարդկանց հետաքրքրում է, թե ինչու է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մեզ համար կարևոր. որովհետև մենք հայ ենք։ Եվ ոչ թե որևէ կոնկրետ տեսակի հայեր, այլ գլոբալ հայեր ենք։ Հենց հայկական տարրն է մեր գործունեության հիմքը։ Սա նշելով հանդերձ, եթե նախաձեռնությունը դառնա բացառապես հայկական նախագիծ, ապա աշխարհի վրա ունեցած ազդեցությունը բավական սահմանափակ կդառնա։ Այդ պատճառով մենք պետք է ընդունենք այս երկվությունը։

Ռ․Վ․ – Կարևոր է, որ տեղացիները ևս ավելի լավ հասկանան նախաձեռնությունը, քանի որ չենք ցանկանում տպավորություն ստեղծել գլոբալ մի նախաձեռնության, որը պատահաբար Հայաստանում է անցկացվում։ Հեշտ չէ, մեծ ջանքեր են պահանջվում այս նպատակին հասնելու համար։ Այս տարի ապրիլի 24-ին, երբ տեղի ունենա մեր ավանդական «Ավրորա» մրցանակաբաշխությունը, մենք հատուկ քննարկումներ կիրականացնենք հայկական վերնախավի հետ այն մասին, թե ինչպես են նրանք տեսնում այս նախագիծը, կընդունենք քննադատություններ և առաջարկներ և այդ կերպ կփորձենք բաց երկխոսություն իրականացնել։

«Ավրորա»-ն ավելի մեծ տեսլականի մաս է։ Այն միայնակ ծրագիր չէ։ «Ավրորան» Նուբարի և մեր այլ գործընկերների հետ 17 տարում համատեղ մշակած տեսլականի մասն է։ Ո՞րն էր Հայաստան 2020-ի էությունը՝ ինչպես զարգացնել Հայաստանը․․․ ու ոչ միայն տնտեսապես, այլև գաղափարապես։ Այս ամենը մաս է նրա, ինչ անում ենք IDEA հիմնադրամի միջոցով։

Ն․Ա․ – Մենք անում և ապագայում էլ ծրագրում ենք անել աշխատանք, որը կարող են անել մասնավոր խմբերը, ավելին՝ Սփյուռքի խմբերը, Հայաստանի քաղաքացիների համար ավելի լավ ապագա երաշխավորելու համար… «Ավրորա»-ն ինչ-որ տեղ կամուրջ է դեպի արտաքին աշխարհ, որ ավելին է քան պարզապես «փող տվեք, որովհետև աղքատ ենք»-ը։ Սա չի կարող Հայաստանից հասնող միակ ուղերձը լինել աշխարհի աչքում։

Ռ․Վ․ – Մենք հպարտ ենք տեսնել՝ ինչպես է «Ավրորա»-ի աջակիցների թիվն աճում․․․ չենք սիրում օգտագործել «նվիրատու» բառը, քանի որ նրանց համարում ենք այս նախագծի աջակիցներ։ Սկզբում նրանք մի քանիսն էին, ապա հասան 70-ի, իսկ անցյալ տարի այդ թիվը հասավ 200-ի։ Եվ տեսնում ենք ավելի շատ մարդկանց, որոնք ոչ բոլորն են շատ հարուստ։ Օրինակ, նամակ էինք ստացել Օրենբուրգի մի երիտասարդից, որ հացաբուլկեղենի խանութ ունի. գրում էր, որ ցանկանում է ամեն ամիս 100 դոլար փոխանցել «Ավրորա»-ին, քանի որ տատիկը Ցեղասպանության վերապրած է։

Ն․Ա․ – «Ավրորա»-ն սկզբունքորեն միայն մրցանակաբաշխություն չէ։ Աշխարհում մարդասիրական շատ նախաձեռնություններ կան։ Զարմանալիորեն, դրանցից ոչ մեկը «Ավրորա»-ի նպատակներից չունի։ «Ավրորա»-ն ավելի շատ մարդկային արժեքների մասին է, քան մարդու իրավունքների։ Մարդու իրավունքները գրավում են իրավապաշտպան, կառավարական և շատ այլ կազմակերպությունների ուշադրությունը։ Մինչդեռ մարդկային արժեքները որոշ չափով ստորադասվում են կրոններին։ Դժբախտաբար, պատմության ընթացքում կրոնները բաժանել են մարդկանց։ Սակայն կան մարդկային արժեքներ, որոնք համընդհանուր են։ Դրանցից են մի կողմից կյանքը վտանգելով մարդկանց փրկելու ոգին, մյուս կողմից՝ երախտագիտության զգացումից ելնելով ինչ-որ բան անելու ձգտումը։

Ռ․Վ․ – Հայերի որոշ զանգված ապրում է Էլդորադոյի պատրանքով։ Էլդորադոն երազ է, որտեղ ամենի ինչ դրախտային է, կատարյալ է։ Եվ մարդիկ ասում են, թե ինչպես կարող ենք խոսել մարդկային արժեքների մասին այն դեպքում, երբ Հայաստանում այդքան անարդարություններ կան։ Դա անհեթեթություն է։ Ամեն տեղ կան բաներ, որոնք պետք է շտկել։ Առանց դրանց մասին խոսելու, առանց որևէ բան անելու չենք կարող այդ խնդիրները լուծել։ Ես համարում եմ, որ Հայաստանում կարող ենք շատ բան փոխել։ Սա պարզապես մի գործընթացի մաս է, որը համադրելու ենք համընդհանուր ծրագրերի հետ։

Ն․Ա․ – Հայերն ունեն առանձնահատուկ հնարավորություն և նույնիսկ պարտավորություն խոսելու, թե ինչ է նշանակում մարդասիրական օժանդակություն ստանալը և այնուհետ այն ցուցաբերելը։

Ռ․Վ․ – Մենք վերապրելու ռեժիմից պետք է անցում կատարենք բարգավաճման ռեժիմի: Այդպես մեր հեռանկարը բացարձակ այլ կլինի:

Ն․Ա․ – Մենք խոսում ենք գաղափարական բարգավաճման մասին: Անկեղծ ասած՝ մենք շատ ավելի շուտ կհասնենք գաղափարական, քան ֆինանսական բարգավաճման: Միևնույն ժամանակ, գիտակցում եմ, որ երեխաները չեն կարող գոյատևել գաղափարական բարգավաճման շնորհիվ։ Այնուամենայնիվ, աշխարհը մեզ այլ կերպ կընկալի, եթե մենք գաղափարապես զարգացած լինենք։ Ես կարծում եմ՝ մենք պատմական պարտավորություն ունենք դա անելու:

Ռ․Վ․ – Ասեմ մի բան, որն ինձ հատկապես ուրախացնում է։ «Ավրորա»-ից հետո բազմաթիվ անգամ փողոցում ինձ մոտեցել են մարդիկ և ասել, որ «Ավրորա»-ից հետո հայ լինելը այլ զգացողություն է, որ իրենք հպարտ են հայ լինելու համար։ Սա լավագույնն է, որ կարող ենք տալ աշխարհին։

Մեկնաբանել