ՄԻԵԴ-ը քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը

2018-ի մարտի 21-ի գրությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը տեղեկացրել է, որ առաջիկայում քննության կառնի Անդրիաս Ղուկասյանի գործը:

Դատարանը խնդրել է մինչև 2018թ. ապրիլի 11-ը ներկայացնել համապատասխան ապացույցներով հիմնավորված այնպիսի տեղեկատվություն, որը վկայում է դիմողի նկատմամբ Կոնվենցիայի այս կամ այն հոդվածի խախտման և դիմողի կողմից իրավական պաշտպանության ներպետական միջոցների սպառման մասին:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը 2017-ի փետրվարին 23-ին գրանցել էր «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի գանգատը:

Անդրիաս Ղուկասյանին ութ այլ անձանց հետ մեղադրանք է առաջադրվել 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու համար: 

Ներկայումս միայն Ղուկասյանն է ենթարկվում վերոհիշյալ մեղադրանքով քրեական հետապնդման, որի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը չի փոխվում, չնայած բազմաթիվ միջնորդություններին նա շարունակում է մնալ անազատության մեջ: