Արմեն Սարգսյանը «հետաքրքրված է ամենամոտ ապագայում» այցելել Մոսկվա

ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը հետաքրքրված է ամենամոտ ապագայում այցելել Մոսկվա․ այս մասին նա ասել է ռուսաստանյան TASS գործակալության հետ զրույցում։

Հարցին, թե երբ է նախատեսվում նրա առաջին այցը Ռուսաստանի Դաշնություն, Արմեն Սարգսյանը պատասխանել է․ «Ես նոր եմ ստանձնում նախագահի պաշտոնը։ Բնականաբար, շատ հետաքրքրված եմ ամենամոտ ապագայում այցելել Մոսկվա՝ որպես Հայաստանի նախագահ։ Հայաստանի ղեկավարներն ավանդաբար առաջին այցերը կատարում են հենց Մոսկվա։ Դեռ չկան հստակ ժամկետներ»։

Երեկ՝ ապրիլի 9-ին, Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնը։ Երդմնակալությունից հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ «որոշվել է որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Մեկնաբանել