Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում։

«Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդի իշխանությունը, և հավատացած եղեք` Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ ուժ, որ ի վիճակի լինի կանգնել ժողովրդի իշխանության առաջ, որ ի վիճակի լինի կանգնեցնել ժողովրդական հեղափոխության հաղթանակը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ով կփորձի կանգնել այդ ճանապարհին` կհայտնվի պատմության աղբանոցում:

«Եվ ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ ինչպես նախկինում բազմիցս ասել եմ Հանրապետության հրապարակում ձեր առաջ կանգնելով, Հայաստանի Հանրապետությունում օրինականության հաստատումը այլընտրանք չունի: Պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: Այս ճանապարհը` օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի, և բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եղանակներով և ձևերով»,- նշել է Փաշինյանը:

Այսօր «Էրեբունի Պլազա» հյուրանոցում մամուլի ասուլիս էր հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն միջոցառումը չկայացավ, քանի որ Քոչարյանի դեմ հանդես եկող ակտիվիստները մինչև ասուլիսն սկսելը մտան սրահ և տապալեցին ասուլիսը։ Ինքը՝ Քոչարյանը, չեկավ սրահ և հեռացավ հյուրանոցի շենքից։

Օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը փոխեց առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Քոչարյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 27-ին։ Հատուկ քննչական ծառայությունը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրել 2008–ի փետրվարի ընտրություններից հետո սահմանադրական կարգը տապալելու հոդվածով։ Վերաքննիչ դատարանը, ըստ Քոչարյանի փաստաբանների, իր որոշման մեջ հիմնվել է Սահմանադրությամբ նախատեսված նախագահի՝ իր լիազորություններն իրականացնելու շրջանակում անձեռնմխելիության դրույթից։

Մեկնաբանել