Դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ․ Նիկոլ Փաշինյան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ: Նիկոլ Փաշինյանը լրագրողներին տեղեկացրեց, որ եկել է քննարկելու ԱԺ կանոնակարգում տեղի ունեցող այն փոփոխությունները, որոնք խոչընդոտելու են վարչապետի հրաժարականով ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելուն:

«Խորհրդարանում այսօր տեղի է ունեցել շատ կարևոր իրադարձություն՝ նեգատիվ առումով: ՀՀԿ-ն ևս մեկ անգամ ցույց է տվել, որ չի տիրապետում ՀՀ-ում առկա նոր քաղաքական իրավիճակին: Այն, ինչ տեղի է ունեցել, չի կարող անցնել առանց հետևանքների: Ես պատրաստվում եմ անել քաղաքական հայտարարություն»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պաշտոնապես հայտարարեց, որ Հայաստանում կա հակահեղափոխություն: «Հակահեղափոխություն են իրականացնում բոլոր նրանք, ովքեր պաշտպանել են և պաշտպանելու են այդ նախագիծը: Ինձ հավաստիացնում են, որ դա երեք քաղաքական ուժերի կողմից պաշտպանվող նախագիծ է, եթե ցանկացած պատգամավոր հայտարարում է, որ ինքը պաշտպանում է այդ նախագիծը, ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նա հակահեղափոխականության ներկայացուցիչ է»,- ասաց նա:

Վարչապետը հայտարարեց, որ դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: «Վերջին զարգացումներից հետո՝ 2018 թվականի դեկտեմբերին Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

***

Հոկտեմբերի 1-ի երեկոյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ»-ի սրճարանում առանձնազրույց ունեցավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Օրակարգում խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցն էր։ Փաշինյանը խորհրդարանի ցրման 2 տարբերակի մասին է խոսում. առաջինը սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարման հնարավորությունն է, իսկ երկրորդը՝ համաձայնագրի ստորագրումն է, որով քաղաքական ուժերը կհամաձայնեն վարչապետի ընտրությունից հետո երկու անգամ թեկնածու այդ պաշտոնում չառաջադրել, որին կհաջորդի արտահերթ ընտրություն։ Նա ասում է, որ այս հարցում դեռ ՀՀԿ-ի համաձայնությունը չկա։

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն վարչապետից «ժամադրություն չի ստացել»։

Մեկնաբանել