Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար, Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը ազատվել է պաշտոնից։ ՀԱՊԿ-ի պաշտոնական կայքում նշված է, որ գլխավոր քարտուղարից Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ ազատումը նախաձեռնել է Հայաստանը։

Հայաստանում Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նմանատիպ մեղադրանք է առաջադրվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և 2008-ին պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին։ 2008-ին Յուրի Խաչատուրովը Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալն էր, զինված ուժերի Երևանի կայազորի պետը։

Յուրի Խաչատուրովը ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց։

Ռուսաստանը բացասաբար էր արձագանցել Հայաստանում Ռոբերտ Քոչարյանին և Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու փաստին։ Արգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Հայաստանում տեղի ունեցողը հակասում է երկրի իշխանությունների հայտարարություններին։

Ավելի ուշ թեմայի վերաբերյալ մտահոգություն էին հայտնել ՀԱՊԿ անդամ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները՝ Խաչատուրովի շուրջ իրավիճակը որակելով խնդրաբնույթ։

Մեկնաբանել