Արմեն Սարգսյանը Թբիլիսիում մասնակցել է Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այսօր ժամանել է Վրաստան՝ մասնակցելու նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողությանը:

Այցի ընթացքում նախատեսվում են նաև նախագահ Արմեն Սարգսյանի երկկողմ հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության և արարողությանը մասնակցելու նպատակով ժամանած հյուրերի հետ։

Մինչ արարողությունը պատասխանելով լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է․ «Հայաստանն ու Վրաստանը, ինչպես նաև մեր երկու ժողովուրդները հազարավոր տարիների բարեկամական ու եղբայրական հարաբերություններ ունեն։ Մենք իսկապես եղբայրական ժողովուրդներ ենք։ Ավելի քան բնական է, որ Հայաստանի Հանրապետության նախագահը պետք է այսօր ներկա լիներ այստեղ, երբ Վրաստանը նոր նախագահ է ընտրել։

Շնորհավորում եմ Վրաստանին, երկրի նախագահին։ Վրաստանին ու նոր նախագահին առաջիկա տարիներին հաջողություններ եմ մաղթում։

Ակնկալում եմ աշխատել Վրաստանի նախագահի, կառավարության ու խորհրդարանի, ամենակարևորը՝ ժողովրդի հետ՝ առավել ամրապնդելու մեր հարաբերությունները»։

Միջոցառման շրջանակում նախագահ Սարգսյանը նաև կարճատև զրույցներ է ունեցել երդմնակալության արարողությանը մասնակցող պատվիրակությունների ղեկավարների և մի շարք հյուրերի հետ։

Մեկնաբանել