Քրեական միջավայր ստեղծելն ու դրան հարելը պետք է քրեականացնել․ նախագիծ

Արդարադատության նախարարությունը պայքար է սկսել քրեական հեղինակությունների և քրեական ենթամշակույթի դեմ։ Այս նպատակով e-draft.am կայքում նախագիծ է ներկայացվել, որը քրեականացնում է նման միջավայրի ստեղծումը։

Նախագծով նախ պարզաբանվում է, թե ինչ է նշանակում քրեական միջավայր, աստիճանակարգություն և ենթամշակույթ։ Այսպես՝ «քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ է համարվում այն անձը, ով քրեական միջավայրում ընդունված հասկացությունների և կանոնների համաձայն քրեական ենթամշակույթին հարող անձանց շրջանում համարվում է հեղինակություն», կազմակերպում կամ մասնակցում է քրեական ենթամշակույթ կրող անձանց հավաքներին և այլն։

Քրեական միջավայրն էլ, ըստ նախագծի, այն անձանց միավորումն է, որը «չի ընդունում ու պահպանում համակեցության ընդհանուր կանոնները, գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների համաձայն՝ պայմանավորված խմբի անդամների միջև քրեական աստիճանակարգության ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով»։

Նախագծով նաև խիստ պատիժներ են սահմանված։ Քրեական միջավայր ստեղծողները կամ ղեկավարողները պատժվելու են 8-12 տարի ժամկետով։

Քրեական միջավայրում կամավոր ներգրավվելը պատժվում է ազատազրկմամբ՝ 4-8 տարի ժամկետով, իսկ քրեական ենթամշակույթին հարելն ու այն տարածելը պատժվում է տուգանքով 200-600 հազար դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Բոլոր պատիժները նախատեսված են նաև նմանատիպ գործունեություն ծավալող պաշտոնատար անձանց համար։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել