Գազի գնի հարցը կարևոր է ամբողջ Եվրասիական տնտեսական միության համար․ Փաշինյան

Գազի գնի հարցը կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև առհասարակ Եվրասիական տնտեսական միության համար․ այս մասին ռուսաստանյան TASS գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպե՞ս են առաջ գնում ռուսաստանյան գազի գնի իջեցման շուրջ բանակցությունները» հարցին ի պատասխան Փաշինյանն ասել է․ «Բանակցություններն ընթանում են, և ես հույս ունեմ՝ այս տարվա ընթացքում մեզ կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ոչ միայն Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից, այլև առհասարակ Եվրասիական տնտեսական միության համար, չէ՞ որ ԵՏՄ-ի էությունը միասնական տնտեսական տարածքի ստեղծման մեջ է, և որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, անհրաժեշտ է, որ էներգակիրների գները, որոնք շատ կարևոր չափաբաժին ունեն արտադրանքի ինքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, լինեն իրար մոտ։

Եթե, ասենք, նույն արտադրանքի ինքնարժեքը լինի շատ ավելի բարձր Հայաստանում էներգակիրների բարձր գների պատճառով, քան Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում, դա կհարվածի ԵՏՄ-ի էությանը։ Այդ պատճառով շատ կարևոր է ընդգծել, որ մենք այդ թեման քննարկում ենք ոչ միայն ռուսաստանցի գործընկերների, այլ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի և միջկառավարական խորհրդի նիստերին, այլ ձևաչափերով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

***

Անցյալ տարեվերջին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական կողմը Հայաստան մատակարարվող գազի գինը բարձրացնում է։

«Գազպրոմը» իր հայկական դստերը՝ «Գազպրոմ Արմենիա»-ին, 1000 խմ գազը մատակարարելու է 165 դոլար սակագնով՝ նախկին 150 դոլարի փոխարեն։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» Հայաստանում սպառողներին գազը մատակարարում է 1 խմ-ն 139 դրամով, իսկ սոցիալապես անապահովներին 80 դրամով՝ մինչև 600 խմ ծավալը։ Փաստացի «Գազպրոմ Արմենիա»-ն բնակիչ-սպառողների մեծ մասին 1000 խմ գազը վաճառում է մոտ 285 դոլարով։

Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում ռուսական ՌԻԱ նովոստի գործակալության հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի իշխանությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ պայմանավորվել են գազի ներքին սակագնի պահպանման շուրջ։

ՀՀ վարչապետը նաև հայտարարել է, որ գազի սակագնի հարցի լուծումը երկարաժամկետ հեռանկարում տեսնում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում։

Մեկնաբանել