Երևանում բացվեց 2800-ամյակի այգին․ ֆոտոշարք

Երևանում տեղի է ունեցել Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող 2800-ամյակի այգու բացումը։ Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը։ Վարչապետը այգու բացմանը եկել էր հեծանիվով։

Երևան քաղաքի 2800-ամյակին ընդառաջ քաղաքապետարանը բարեկարգման աշխատանքներ էր սկսել այգում։ Անցած տարվա մայիսին քաղաքացիները բողոքի ցույց էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց և պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բողոքի գլխավոր պատճառն այգում հատված բազմաթիվ ուռենիներն էին։ Քաղաքապետարանն իր պարզաբանման մեջ նշում էր, որ ծառերը փտած էին, և տնկվելու են նորերը։

Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից` Միքայել և Կարեն Վարդանյանների ֆինանսավորմամբ:

Կարեն Վարդանյանը ներկայացրել է կատարված աշխատանքները. նա նշել է, որ շինարարական աշխատանքներն իրականացվել են 1,5 տարում, այգում փոխվել է ամեն ինչ: Տնկվել են բացառիկ ծառատեսակի ծառեր, տեղադրվել է շուրջօրյա կաթիլային և ցնցուղային ավտոմատ ոռոգման համակարգ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է Երևանի քարտեզը, կառուցվել է Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ: Տեղադրվել են շատրվաններ, հին հայկական գորգերի զարդանախշերով սալահատակ, բրոնզաձույլ արձաններ, նստարաններ, աղբամաններ և լուսասյուներ:

Երևանի 2800-ամյակի այգին հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը, և այգու տարածքում արգելվում է որևէ ձեռնարկատիրական գործունեություն: Բացի կառուցապատումից, հիմնադրամը, 2019 թ. սկսած, 99 տարի իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Լուսինե Վարդանյան

Մեկնաբանել