Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից. վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը գրառում է արել՝ մեկնաբանելով Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի այսօրվա որոշումը։

«Հայաստանը իրավական պետություն է, որտեղ հստակ բաժանված են իշխանության երեք ճյուղերը: Դատական իշխանությունն օգտվում է լիակատար ազատությունից և մեկը մյուսին հաջորդող վճիռները՝ դրա վկայությունն են:

Բոլոր այն հայտարարությունները, որտեղ խոսվում է իշխանությունների կողմից ճնշման փորձերի մասին, պարզ շահարկումներ են, որոնց, ցավոք, դիմում է Ռ.Քոչարյանի պաշտպանական կողմը:

Իշխանությունները վճռական են երաշխավորելու բոլոր ընթացակարգերի բացառապես օրինական ընթացքը:

Այլ հարց է, որ տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխություններից հետո, Հայաստանում գործում է հին դատական համակարգը, որի որոշումների նկատմամբ հանրության վստահության աստիճանը չի փոխվել»,- գրել է Կարապետյանը։

***

ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը Մարտի 1-ի անջատված գործով առանցքային մեղադրյալ է, մայիսի 18-ին ազատ արձակվեց։ Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, հրապարակելով իր որոշումը, հայտարարեց, որ փոխում է նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը։

Մեկնաբանել