ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Մամեդյարովի՝ խաղաղապահներ տեղակայելու մասին հայտարարությունը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունն այն մասին, որ ԵԱՀԿ միջնորդները «պետք է հստակեցնեն խաղաղապահ ուժեր տեղակայելու շուրջ իրենց առաջարկները և հանդես գան դրանցով»։

Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:

Պատասխան. Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը:

Ինչ է ասել Էլմար Մամեդյարովը Վաշինգտոնի հանդիպման մասին

Մեկնաբանելով Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումը՝ Էլմար Մամեդյարովն ասել է, որ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից երկու նախարարների հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ առաջարկներ է սպասում։

«Ես Նոստրադամուսը չեմ, որ ասեմ՝ երբ է լինելու նոր հանդիպումը․ որքան շուտ, այնքան լավ։ Համանախագահները կասեն՝ երբ է հնարավոր նոր հանդիպում անցկացնել»,- հունիսի 24-ին ասել է Մամեդյարովը լրագրողներին։

Նա տեղեկացրել է, որ հունիսի 20-ին Վաշինգտոնի հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։

«Այդ հանդիպման դրական պահն այն է, որ միջնորդները մեզ քննարկման առաջարկներ են տվել։ Դրանք նո՞ր, թե՞ հին փաստաթղթեր են։ Մենք դրանք քննարկում ենք վերջին 15 տարին»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն «օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերումից հետո»։

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է այն հարցը, որ իրեն անհրաժեշտ է կարգավիճակ և անվտանգություն։ Այդ հարցը քննարկվել է նաև Վաշինգտոնում։ Ինչ վերաբերում է անվտանգության հարցերին և միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայմանը, համանախագահները պետք է է՛լ ավելի հստակեցնեն իրենց առաջարկներն ու հանդես գան դրանցով։ Համանախագահներն ասում են, որ մենք պետք է աշխատենք այդ հարցի շուրջ»,- նշել է Մամեդյարովը։

Մեկնաբանել