Ռուսաստանը «հնարավոր չի համարել» Միհրան Պողոսյանի արտահանձնումը Հայաստանին

Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը ՌԴ գլխավոր դատախազությունը հնարավոր չի համարել․ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«ՌԴ գլխավոր դատախազությունից ստացված տեղեկատվության համաձայն, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չի համարվել՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները:

Կոնվենցիայի վերը նշված հոդվածը՝ որպես իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք նախատեսում է այն դեպքերը, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող) Պայմանավորվող Կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը: Մինչդեռ, Միհրան Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության մերժման կոնկրետ հիմքի վերաբերյալ հստակ տեղեկատվություն չի ներկայացվել: Վերոնշյալով պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազությունը, ՌԴ գլխավոր դատախազությանն առաջարկել է տրամադրել հստակ տեղեկատվություն՝ Մ. Պողոսյանի հանձնումը մերժելու պատճառների վերաբերյալ»,- գրել է Խաչատրյանը։

***

Ապրիլի կեսին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնեց, որ քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ «հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»։

Մոտ մեկ շաբաթ անց Միհրան Պողոսյանը ձերբակալվեց Ռուսաստանի Դաշնության Կարելիայի Հանրապետությունում ռուս իրավապահների կողմից։

Հունիսի սկզբին ռուսաստանյան stolicaonego.ru կայքը տեղեկացրեց, որ ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի դատարանը մեկուսարանից ազատ է արձակել ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա համար տնային կալանք է սահմանվել։

Մեկնաբանել