Ամուլսարի մասին Գրիգորյանի և Մարտիրոսյանի գրառումները չունեն փաստական հիմք. դատախազություն

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը և քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին որևէ տեղեկատվության չեն տիրապետում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Արևիկ Խաչատրյանը։

«ՀՀ դատախազության կողմից ստուգման նպատակով ՀՀ ԱԱԾ ուղարկված` Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԶԼՄ–ներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի շրջանակներում Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը, ինչպես նաև քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը իրենց ֆեյսբուքյան այն գրառումների վերաբերյալ, որով հայտնել էին Ամուլսարի հարցով կոռուպցիոն գործարքի մասին, բացատրություն են տվել, որ կոռուպցիոն դրսևորման որևէ դեպքի վերաբերյալ տեղեկատվության չեն տիրապետում, իսկ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց ֆեյսբուքյան գրառումները չունեն որևէ փաստական հիմք և արտահայտում են բացառապես իրենց սուբյեկտիվ տեսակետը և սեփական վերլուծությունների արդյունքը»,– գրել է Խաչատրյանը։

Նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգողական գործողությունները շարունակվում են։

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ եթե մինչ այս կասկածներ ուներ, որ Ամուլսարի հարցում խոշոր կոռուպցիոն գործարք է տեղի ունեցել, ապա այժմ արդեն որևէ կասկած չունի: «Դրանում ոչ մի, կրկնում եմ` ոչ մի կասկած այլևս լինել չի կարող: Ստախոս, խաբեբա և հիմա արդեն ժողովրդին ու երկրին դավաճանող կառավարությունը պետք է նախ հետ կանգնի Ամուլսարը բացելու իր որոշումից: Այլընտրանք չկա: Այս երկիրը մենք չենք վաճառելու միայն խոսքեր ու խոստումներ շաղ տվող շաղակրատ իշխանությանը»,– գրել էր նա։

Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը նույնպես գրառում էր արել, որ Ամուլսարի վերաբերյալ ընդունված որոշման մասին գիտեր դեռ 8 ամիս առաջ, երբ դեռ բնապահպանական տեսչության ղեկավարն էր: Նրա խոսքով` իր նշանակման օրվանից սկսած Ավինյանի գրասենյակը լծվել է իր ձեռքերով Ամուլսարի ճամփաները բացելու գործին։

Դատախազությունը երեկ հայտնեց, որ Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հրապարակումներն ուղարկել են ԱԱԾ։

Մեկնաբանել