Ամանորյա տոնավաճառը չի գործի Հյուսիսային պողոտայում

Ամանորյա տոնավաճառն այս տարի կգործի Երևանի 2750-ամյակի պուրակում, ոչ թե Հյուսիսային պողոտայում, ինչպես նախորդ տարիներին․ այս լուրը ՍիվիլՆեթին հաստատեց Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ շրջանառվող խոսակցությունները այն մասին, որ ամանորյա տոնավաճառ այս տարի չի անցկացվելու, չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի վաղ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կառավարության որոշմամբ՝ Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը ստանձնել է Երևանի քաղաքապետարանը, միջոցառումների համար նախատեսվել է շուրջ 272 հազար դրամ, որը գումարվելու է Երևանի բյուջեով հատկացված շուրջ 54 միլիոնին։

Դեկտեմբերի 21-ին գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից հետո 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում։

Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք։ Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի և այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ։

Հյուսիսային պողոտայում ամանորյա տոնավաճառի փոխարեն անցկացվելու է կրեատիվ տոնածառների ցուցադրություն, իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով։

Գեղեցիկ Ոսկանյան

Մեկնաբանել