Արցախ. ընտրություններ, թեկնածուներ և կուսակցություններ

Մարտի 31-ին Արցախում տեղի են ունենալու նախագահական և խորհրդարանական ընտրություններ, որոնք համարվում են ամենամրցակցայինը 1991-ից ի վեր երկրորդ հայկական հանրապետությունում տեղի ունեցած քվեարկությունների շարքում:

Թեև Հայաստանի 2018-ի ապրիլյան Թավշյա հեղափոխությունը ուղղակի չի հասել Արցախ, սակայն հեղափոխության քամին փոխել է քաղաքական միջավայրը և կուսակցությունների ու քաղաքական գործիչների մտադրություններն ու ծրագրերը:

Գործող նախագահ Բակո Սահակյանը, որը պատրաստվում էր 2020-ին մասնակցել նախագահական ընտրություններին, Թավշյա հեղափոխությունից հետո հայտարարեց, որ այլևս չի առաջադրվելու: Քաղաքական և փորձագիտական շրջանակներում շատ էր խոսվում և գրվում, որ Արցախի Սահմանադրությունը փոխվեց, որպեսզի Բակո Սահակյանը ևս երկու անգամ հնարավորություն ստանա մասնակցելու ընտրություններին և Արցախը ղեկավարի մինչև 2030 թվականը:

Արդեն շուրջ մեկ տասնյակ կուսակցություններ և քաղաքական գործիչներ հայտարարել են մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններում իրենց մասնակցության մտադրության մասին:

Ուժեղ մրցակցությունը, ազատ և արդար ընտրապայքարի ակնկալիքն ու մի շարք հայտնի գործիչների մասնակցությունը ենթադրում է, որ նախագահական ընտրություններում կլինի երկրորդ փուլ, իսկ կուսակցություններից ոչ մեկը չի ստանա քվեների 50 տոկոսից ավելին:

Թեև հանրային հարցումներ չեն արվել, նախագահական մրցապայքարում ֆավորիտներ են համարվում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն ու գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի ամենաունևոր մարդկանցից մեկը, մի շարք բիզնեսներ է կառավարում, նրա «Ազատ հայրենիք» կուսակցությունը գործող խորհրդարանում ունի ամենից շատ մանդատները: Հարությունյանը Թավշյա հեղափոխության օրերին և անմիջապես հետո կարողացավ սերտացնել հարաբերությունները Հայաստանի նոր իշխանությունների հետ: Նա հաճախ հրապարակային և փակ հանդիպումներ է ունենում Հայաստանի իշխանությունների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ:

Կադրային դիվանագետ Մասիս Մայիլյանը կուսակցական չէ, սակայն մի քանի ուժեր աջակցում են նրան: 2007 թվականի նախագահական ընտրություններում Մայիլյանը Բակո Սահակյանի հիմնական մրցակիցն էր, ստացավ քվեների շուրջ 12 տոկոսը: Այդ ընտրություններից հետո երկար ժամանակ Մայիլյանը ներգրավված էր փորձագիտական գործունեության մեջ և պետական կառավարման համակարգ վերադարձավ 2016-ին: 1990-ական թվականներից մինչև 2012-ը Մայիլյանը Արցախի արտաքին գործերի նախարարության մաս է կազմել, եղել է փոխնախարար, ղարաբաղյան պատվիրակության կազմում մասնակցել է հակամարտության կարգավորման բազմաթիվ փուլերի:

Նախագահական ընտրությունների ընդդիմադիր թեկնածուներից են Հայկ Խանումյանը և Վահան Բադասյանը:

Խանումյանը Արցախի գործող խորհրդարանում միակ ընդդիմադիր պատգամավորն է, հետևողականորեն և մշտապես հանդես է եկել իշխանությունների, առաջին հերթին Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի կոշտ քննադատությամբ: Տարիներ առաջ նա Հայաստանից տեղափոխվել է Արցախ, դասավանդել տեղի պետական համալսարանում, համախոհների հետ հիմնադրել «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որը խորհրդարանական նախորդ ընտրություններում հաղթահարել 5 տոկոսի շեմը: Թավշյա հեղափոխության օրերին Խանումյանն ու նրա կուսակիցները հրապարակային աջակցում էին Նիկոլ Փաշինյանին:

Վահան Բադասյանը «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիրն է: Հանդես է գալիս Հայաստանի և Արցախի դե յուրե միավորման առաջարկով, քննադատում է Արցախի գործող իշխանություններին: Թավշյա հեղափոխության օրերին եղել է արցախցի քիչ գործիչներից, որոնք Նիկոլ Փաշինյանին աջակցել են Երևանի հրապարակներում և փողոցներում: Բադասյանը նախկինում եղել է ՀՅԴ անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր և Արցախյան պատերազմի մասնակից:

Նախագահական ընտրություներում մասնակցության հայտ է ներկայացրել Արցախի հերոս և Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով Հայաստանի գործող իշխանությունների ամենակոշտ քննադատներից է: Բալասանյանը Արցախյան պատերազմի ամենահայտնի հրամանատարներից է, 2012 թվականին մասնակցել է նախագահական ընտրություններին և Բակո Սահակյանի հետ մրցապայքարում ստացել քվեների շուրջ մեկ երրորդը:

Արցախի խորհրդարանի նախագահ և Արցախի ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Աշոտ Ղուլյանը ևս հայտնել է նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին: Այս կուսակցության նախկին անդամ Քրիստին Բալայանը դառնալու է առաջին կին թեկնածուն: ՀՅԴ-ն, որ Արցախում, ի տարբերություն Հայաստանի, իշխանական կուսակցություն է, առաջադրել է տեղի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի թեկնածությունը:

Արցախի խորհրդարանական ընտրություններում հաղթելու ամենաբարձր հնարավորություններն ունի Արայիկ Հարությունյանի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը: Ընդդիմադիր և այլ գործիչներ դժգոհում են, որ Հարությունյանը ֆինանսական և վարչական լծակներ է օգտագործում, արդեն շուրջ մեկ տարի փաստացի նախընտրական քարոզչություն իրականացնում:

Խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն մի քանի այլ կուսակցություններ ևս:

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» նորաստեղծ կուսակցությունը հավակնում է Արցախի ընդդիմադիր դաշտի քվեների մի մասը: Արցախի պաշտպանության նախկին նախարարը չի կարող մասնակցել նախագահական մրցապայքարին, քանի որ վերջին 5 տարիներին մշտապես չի բնակվել Արցախում:

Վիտալի Բալասանյանի «Արդարությունը», Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ-ն, Հայկ Խանումյանի «Ազգային վերածնունդը», Բադասյանի «Միացյալ Հայաստանը» և մի շարք այլ ուժեր ևս հայտարարել են խորհրդարանական ընտրություններին մասնակցության մասին:

1991-ի անկախությունից ի վեր Արցախը ունեցել է երեք նախագահ՝ Ռոբերտ Քոչարյան (1994-1997), Արկադի Ղուկասյան (1997-2007) և Բակո Սահակյան (2007-2020):

Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախագահ է ընտրվել Արցախի խորհրդարանում՝ 1994-ի դեկտեմբերին, երբ մտցվեց կառավարման նախագահական համակարգը: 1996-ի նոյեմբերին Արցախում տեղի են ունեցել նախագահական առաջին համաժողովրդական ընտրությունները, որոնցում 89 տոկոս քվեներով հաղթել է Քոչարյանը: 1997-ին մարտին նա տեղափոխվեց Հայաստան և դարձավ վարչապետ: Նույն տարում՝ սեպտեմբերին, Արցախում տեղի ունեցան նախագահական արտահերթ ընտրություններ. ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց Արկադի Ղուկասյանը: 2002-ի օգոստոսին Ղուկասյանը վերընտրվեց: Ինչպես Քոչարյանի, այնպես էլ Ղուկասյանի դեպքում ընդդիմադիր ուժեղ թեկնածուներ չկային:

2007-ին Բակո Սահակյանը նախագահական մրցապայքարում հաղթեց Մասիս Մայիլյանին, իսկ 2012-ին՝ Վիտալի Բալասանյանին: Սահմանադրական փոփոխությունից հետո 2017-ի հուլիսին Բակո Սահակյանը երեք տարով անցումային նախագահ ընտրվեց Արցախի խորհրդարանի կողմից:

Արցախում խորհրդարնական առաջին ընտրություններն անց են կացվել 1991թ. դեկտեմբերին: Այդ ընտրություններն անց են կացվել մեծամասնական ընտրակարգով: Ապա խորհրդարանական ընտրույթուններ անց են կացվել 1995-ին, 2000-ին, 2005-ին, 2010-ին և 2015-ին:

Առաջիկայում, երբ Արցախի ԿԸՀ-ն կգրանցի նախագահական և խորհրդարանական ընտրությունների բոլոր թեկնածուներին և կուսակցություններին, մենք առավել մանրամասն կներկայացնենք նրանց:

Մեկնաբանել