Պուտինին վստահում է ռուսաստանցիների 35 տոկոսը․ «Լևադա կենտրոն»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 35 տոկոսը․ այսպիսի տվյալներ է բերում «Լևադա կենտրոն» հետազոտական կազմակերպությունը՝ հունվարյան հարցումների արդյունքներով։

Պուտինի վստահության վարկանիշն այսպիսով վերջին երկու տարում գրեթե երկու անգամ նվազել է․ 2017-ին այն կազմել է 60 տոկոս։

«Լևադա կենտրոնի» ղեկավար Լև Գուդկովի խոսքով՝ շարունակական անկումը «բացատրվում է ռուսաստանցիների կայուն վրդովմունքով և նախագահից հոգնածությամբ»։

«Նրա նոր հռետորաբանությունը, որը վերաբերում է սոցիալական թեմաներին, կարճաժամկետ արդյունք է տալիս։ Անկումը վաղուց է սկսվել, և սա անգամ 2018-ի կենսաթոշակային համակարգի հետևանք չէ․ այն ընթանում է դանդաղ և աստիճանաբար և ավելի ցուցանշական միտում է, քան վարկանիշի կտրուկ թռիչքները։ Աճում է դժգոհությունը տնտեսական վիճակից, նորմալ վաստակելու անհնարինությունից»,- ասել է սոցիոլոգը։

Ընդ որում, նախագահի գործունեության հավանության վարկանիշը շարունակում է նույնը մնալ՝ 60-70 տոկոսի մակարդակում։ Դա պայմանավորվում է նրանով, որ վստահությունը նախևառաջ վերաբերում է սոցիալական ոլորտին, հավանությունը կապված է ավելի շատ արտաքին քաղաքականության, «հայրական հոգատարության» հռետորաբանության հետ։

Մինչդեռ, ուշագրավ են ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սերգեյ Լավրովի վստահության վարկանիշները․ 2019-ի սեպտեմբերից ի վեր Շոյգուինը աճել է 13-ից 19 տոկոսի, Լավրովինը՝ 14-ից 17 տոկոսի, չնայած՝ ավանդաբար առանցքային նախարարությունների ղեկավարների ցուցանիշները աճում կամ նվազում են նախագահականին զուգընթաց։

Նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի վարկանիշն իջել է 9-ից 5 տոկոսի, միևնույն ժամանակ, նվազել է նաև նրա հանդեպ անվստահությունը՝ 32 տոկոսից 27 տոկոսի։

«Լևադա կենտրոնը» առաջին անգամ ստուգել է նոր վարչապետ Միխայիլ Միշուստինի վարկանիշը․ առայժմ նրան վստահում է ՌԴ քաղաքացիների 3 տոկոսը, չի վստահում՝ 4 տոկոսը։ 39 տոկոսը չի վստահում ոչ ոքի կամ դժվարացել է պատասխանել։

#ՍիվիլՆեթ #Լուրեր

Մեկնաբանել