Հալեպից Երևան․ սիրիահայ ամուսինների ընտանեկան բիզնեսը

«Ամենադժվարը, որ զրոյից պետք է սկսես ու չգիտես, թե ոնց»․ Սիրիայում բռնկված պատերազմը 39-ամյա Նայիրի Քէպապճեանին և ամուսնուն՝ Հարութ Իսկանյանին,  ստիպեց լքել ծննդավայրը և հաստատվել Հայաստանում։ 

Ընտանիքն այստեղ հագուստի քիմմաքրման ծառայություն է հիմնել։ Հալեպում նույն գործով են զբաղվել։

«2014-ին, երբ խանութի դիմաց հրթիռ ընկավ, ամուսինս վիրավորում ստացավ, վիրահատեցինք, հեռացրինք երիկամը և փայծաղը»,- պատմում է Նայիրին։ Նրա խոսքով՝ թմբկաթաղանթի պայթելն էլ վատ լսողության և գլխացավերի պատճառ է դարձել։

Հայաստան տեղափոխվելու սկզբնական շրջանում քիմմաքրման ծառայություն մատուցել են տանը։Հաճախորդների թիվն ավելացել է, որոշել են այստեղ էլ հիմնել սեփական ընկերությունը, որին իրենց արդեն երկու տարեկան դստեր՝ Փալիգի անունն են տվել։

«Մի քիչ ժամանակ է պետք, մինչև մարդիկ ճանաչեն, վստահեն, որովհետև պատասխանատվությունը շատ է այս գործի մեջ»,- ասում է Նայիրին։ 

Խոսելով Հայաստանում հաստատվելու և տեղացիների վերաբերմունքի մասին՝ Նայիրին ասում է, որ հարկավոր է հարմարվել, «յոլա գնալ», քանի որ մտածելակերպերը տարբեր են։

Ամուսինները մեծացել են հայկական միջավայրում, ապրել են Հալեպի հայկական թաղամասում։ Նայիրին անկեղծանում է՝ կարոտում են Սիրիան․ «Էնտեղ ծնվել ենք, ստացել ենք էնտեղի ուսումը»։ 

Նայիրին Երևանում առաջ էլ է եղել և միշտ վերադառնալու ցանկություն է ունեցել։ Չնայած Սիրիան կարոտելուն, ամուսիններն ուրախ են, որ այստեղ են ապրում. «Հայրենասիրությունը մեզ համար ուրիշ տեսակ բան է։ Դեպի երկիր նշանաբանն ունեինք,- ասում է Նայիրին և շարունակում,- մանավանդ եթե երեխա ունես, երեխաների համար շատ լավ տեղ է»։

Լուսինե Վարդանյան