Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց հայտարարագրած ունեցվածքը

Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր:

Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:

Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա:

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն:

Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն:

Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:

Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:

Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:

ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:

«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:

Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:

Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ:

Միլենիում Պրոդակշն ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետեր, 36-ամյա Աշոտ Դադայանը քվեաթերթիկում 13-րդն է: Ամուսնացած է, ունի 900 քառակուսի մետր հողատարածք Ստեփանակերտում, 1999թ․ արտադրության «Մերսեդես Բենց – Սպրինտեր» ավտոմեքենա, 3 միլիոն դրամ խնայողություն:

Անհատ ձեռներեց, 38-ամյա Մելսիկ Պողոսյանը քվեաթերթիկում 14-րդն է: Ունի 48 քառակուսի մետր տարածքով բնակարան և 263 քառակուսի մետր տարածք Ստեփանակերտում, 130 քառակուսի մետր տարածք կիսակառույց շինություն և 50 քառակուսի մետր տարածքով շինություն:

Հաջորդ հրապարակման մեջ կներկայացնենք բոլոր 14 թեկնածուների հասարակական-քաղաքական անցյալը:

Արցախը նախագահ ունի 1994 թվականից: Այդ տարվա դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը նախագահ ընտրվեց Արցախի խորհրդարանի կողմից: 1996-ին Քոչարյանը առաջին ուղղակի ընտրություններով դարձավ Արցախի նախագահ և պաշտոնից հրաժարվեց, երբ 1997-ի մարտին նշանակվեց ՀՀ վարչապետ: 1997-ին Արցախի նախագահ ընտրվեց, իսկ 2002-ին վերընտրվեց Արկադի Ղուկասյանը: 2007-ին և 2012-ին նախագահ ընտրվեց Բակո Սահակյանը, որը 2017-ին անցումային ժամկետով՝ 3 տարով, նախագահ ընտրվեց Ազգային ժողովի կողմից:

Սպասվում էր, որ նա 2020-ին կմասնակցի նախագահական ընտրություններին: Այդ նպատակով Բակո Սահակյանի համար, ինչպես պնդում են որոշ փորձագետներ ու քաղաքական շրջանակներ, Արցախում նոր Սահմանադրություն գրվեց, որի հեղինակը Հրայր Թովմասյանն է: Մինչ այդ Թովմասյանը Սահմանադրություն էր գրել Սերժ Սարգսյանի համար: Երկու ժամկետով նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Սարգսյանը դարձավ վարչապետ, սակայն կարողացավ կառավարել միայն 7 օր և հրաժարական տվեց 2018-ի ապրիլի 23-ին:

Այսպիսով, ձախողվեցին նաև Բակո Սահակյանի ծրագրերը:

Ի դեպ, մարտի 31-ի ընտրություններից մոտ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 5-ին, Հայաստանում կվճռվի Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի, բայց նաև իր համար Սահմանադրություն կերտած Հրայր Թովմասյանի ապագան:

Մեկնաբանել