LIVE BLOG. Արտակարգ դրություն, 18.03.2020

ՍիվիլՆեթը շարունակում է ուղիղ լուսաբանել կորոնավիրուսի համաճարակի շուրջ զարգացումները։ Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության առաջին օրվա լրահոսին ծանոթացե՛ք այս հղումով՝ LIVE BLOG. կորոնավիրուսի շուրջ զարգացումները, 17.03.20։ Արտակարգ դրության երկրորդ օրվա՝ մարտի 18-ի լուրերը ևս ներկայացվում են հակադարձ ժամանակագրությամբ։

20:30

Այսօր պարետատան նիստին քննարկվել են հետևյալ հարցերը․

✅մանրամասն քննարկվել է հանրային տրանսպորտի երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների, ավտոկայանների և Երևանի մետրոպոլիտենի ախտահանման աշխատանքների կազմակերպման հարցը:

✅անդրադարձ է կատարվել փակ տարածություններում գործող խոշոր առևտրային օբյեկտներում կանխարգելիչ գործողություններին: Ընդգծվել է, որ այդ օբյեկտների աշխատակիցները պետք է ապահովվեն բժշկական դիմակներով և ախտահանիչ նյութերով, տարածքները պարբերաբար ախտահանվեն և սանիտարական անհրաժեշտ պայմանները պահպանվեն, ինչպես նաև բացառվեն մարդկանց կուտակումները:

✅ցուցումների կատարման վերահսկողությունը մարզերում դրվել է մարզպետերի, իսկ Երևանում՝ քաղաքապետի վրա:

✅ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը կոչ է արել հնարավորինս խրախուսել արտակարգ դրության ժամանակ բնակչությանը էլեկտրոնային կառավարման գործիքների միջոցով ծառայությունների մատուցումը և ապահովել դրանց մասին իրազեկվածությունը:

20:26

Արսեն Թորոսյանը գրել է․

«Երեկ հանդիպել էի Հայաստանի խոշոր բուժհիմնարկների տնօրենների հետ՝ ներկայացնելու նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը Հայաստանում և աշխարհում, ինչպես նաև առողջապահական ամբողջ համակարգի աշխատանքի սկզբունքները արտակարգ դրության ժամանակահատվածում»։

19:30

Նիկոլ Փաշինյանը Շանթ ՀԸ Արամ Աբրահամյանի հետ զրուցեց տնտեսության մասին

Փաշինյանն ասաց հետևյալը․ դեպքերը հասել են 102-ի; Պարետատունը հանում է Էջմիածնի անցակետը, Ոստիկանապետի և ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարներին նշանակելու է իրենց պաշտոններում։

18:24

Եվրատեսիլ 2020 մրցույթը, որը պետք է տեղի ունենար մայիսին Նիդեռլանդներում, չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի տարածման ռիսկերի պատճառով, ասված Է կազմակերպիչների Twitter-ի հաղորդագրությունում:

Այս տարի մրցույթին Հայաստանը պետք է ներկայացներ Աթենա Մանուկյանը (լուսանկարում)։

Մանրամասն՝ այստեղ։

17:00

Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.

– Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:

– Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:

– Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:

– Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:

– Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

– Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:

– Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:

Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները:

16:45

ՀՀ նախագահը կարևորում է հեռավար կրթության մոդելի ներդրումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները:

Հիշյալ օրենքները, մասնավորապես, նպատակաուղղված են մեր երկրում հեռավար (դիստանցիոն) կրթության համակարգի ներդրմանը:

Դեռևս մի քանի օր առաջ հղած իր ուղերձում Հանրապետության նախագահը կարևորել էր ստեղծված իրավիճակում ավելի կազմակերպված, պատասխանատու և կարգապահ լինելը՝ որպես պետություն, որպես հասարակություն, որպես անհատ, որպես որոշում կայացնող և որոշում կատարող:

Նոր կորոնավիորւսի տարածմամբ և մեր երկրում արտակարգ իրավիճակի հայտարարմամբ պայմանավորված՝ պետությունը պարտադրված է գնալ մինչ այժմ չկիրառված կամ ոչ այնքան կիրառված քայլերի: Այդ շրջանակում է նաև անցումը հեռավար կրթության:

Նախագահ Սարգսյանը ողջունում է այս օրենքների ընդունումը և կարևորում հեռավար կրթության մոդելի ներդրումը:

Հեռավար ուսուցումը, որը հիմնված է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների լայնածավալ կիրառման վրա, ներկայումս կարող է որոշակիորեն լուծել կրթական գործընթացում հայտարարված երկարատև դադարի խնդիրը, ինչպես նաև նպաստել կրթության հասանելիությանը: Ժամանակակից տեխնոլոգիաների և թվային լուծումների կիրառմամբ իրականացվող ուսուցումը կարևոր քայլ է կրթական համակարգն առավել արդյունավետ ու ճկուն դարձնելու ուղղությամբ և մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ մեր կյանքի թվայնացումն այլընտրանք չունի:

Սա նաև նոր հնարավորություն է՝ ավելի լուրջ և հիմնավոր ուշադրություն դարձնել նոր տեխնոլոգիաների զարգացմանը դպրոցում, բուհում, աշխատավայրում և ընդհանրապես կյանքում:

16։30

ԵՊԲՀ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին կփոխանցի 2 մլն դրամ

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն
ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր աջակցությունն է
հայտնում ՀՀ Կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ վարակի տարածումը
կանխարգելելու գործում:

Համալսարանական հիվանդանոցները ևս բերված են բարձր պատրաստավածության և շարունակում են ծառայել
ժողովրդին:

16։10

Հնարավոր ամեն ինչ արվում է զինծառայողին առողջական խնդիրներից զերծ պահելու համար․ Արտակ Դավթյան

«Սիրելի´ հայրենակիցներ, նոր տեսակի կորոնովիրուսային վարակն օրեցօր ընդլայնում է իր սահմանները` ներառելով նաև Հայաստանի Հանրապետությունը: Կանգնած լինելով կորոնավիրուսային վարակի լրջագույն մարտահրավերի առաջ՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները երկրում հաստատեցին արտակարգ դրություն` համազգային և միասնական ջանքերով պայքարելու և կանխելու վարակի լայնածավալ տարածումը, զարգացումն ու դրա բացասական հետևանքները երկրի տնտեսության վրա:

ՀՀ ԶՈՒ ղեկավարության համար զինծառայողը բարձրագույն արժեք է, և հնարավոր ամեն ինչ արվում է նրան առողջական խնդիրներից զերծ պահելու համար:

Ստեղծված իրավիճակում ՀՀ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով դիմում եմ ձեզ.

Անհարկի չմիջամտել համա­ճա­րակի դեմ զինված ուժերի հրամանատարության, առողջապահության նախարարու­թյան և այլ պետական կառույցների հետ համատեղ լայնածավալ ու բազմապիսի աշխատանքներին ու կանխարգելիչ միջոցա­ռումներին,

Գիտակցված և ըմբռնումով մոտենալ ժամկետային պարտադիր զինծառայողներին արձակուրդ չտրամադրելու որոշմանը. այս քայլը միտված է վերջիններիս շփումը հնարավոր վա­րակակիր քաղաքացիների հետ բացառելուն,
Խուսափել զինծառայողներին սնունդ, հիգիենայի պարագաներ և այլ միջոցներ ուղարկելուց:

Հեռախոսային զրույցների ժամանակ վարակի տարածման կամ հարազատների, բարեկամների, ծանոթների` վարակված լինելու մասին տեղեկատվություն չհայտնել` զինծառայողների մոտ տագնապային տրամադրություն չստեղծելու համար:
Ցուցաբերելով առավելագույն զգուշություն և զսպվածություն` հնարավորություն կընձեռեք ձեր զավակներին անշեղորեն կատարել իրենց պարտականությունները:

Համոզված ու լիահույս եմ, որ մեր համատեղ և փոխըմբռնված աշխատանքի շնորհիվ հաղթահարելու ենք նաև այս մարտահրավերը:

Առողջություն եմ մաղթում բոլորիս»:

16։00

Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի ասուլիսը: Թեմա՝ արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:

15։30

Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից մարտի 18-ը հայտարարվել է համազգային աղոթքի օր, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Աղոթքին կարելի է հետևել հեռուստատեսությամբ և Ֆեյսբուքում։

15։15

Ամեն օր Հանրային հեռուստաընկերության եթերով ժամը 08:30-ից կլինեն հեռավար տեսադասեր:

15:00

Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» հաշվին այսօր` ժամի 14:00-ին մուտքերը կազմել են 43 մլն 121հազար դրամ, ընդհանուր քանակը` 218 վճարում:

14։45

Կորոնավիրուսի տարածմամբ և արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս օրերին այցելուների համար փակ են բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ: Սուպերմարկետներն էլ թեև աշխատում են, սակայն գոյացող հերթերում չհայտնվելու համար ոմանք խուսափում են անգամ գնումների գնալ: Այժմ որոշ ռեստորաններ անցել են առաքման ռեժիմի: Ձեզ ենք ներկայացնում մի շարք սննդի կետեր, ռեստորաններ, սուպերմարկետներ ու վճարային համակարգեր, որոնցից կարող եք օգտվել առցանց՝ առանց տանից դուրս գալու:

Ամբողջական ցանկը՝ այստեղ։

14:00

Նիկոլ Փաշինյանի գրառումը՝ Ինֆեկցիոն հիվանդանոցում մահացած պացիենտի մասին

«Սիրելի հայրենակիցներ, մարտի 17-ին «Արմենիա» բ/կ-ից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել թոքի այտուց, երկկողմանի թոքաբորբ, շնչառական անբարարություն ախտորոշմամբ 49-ամյա պացիենտ, ում մոտ, բնականաբար, կասկածվել է նաև կորոնավիրուսային հիվանդություն:

Կատարվել է նմուշառում և արդյունքը եղել է բացասական, այսինքն՝ հերքվել է կորոնավիրուսի առկայությունը պացիենտի օրգանիզմում:

Միաժամանակ, իրականացվել են սիրտ-թոքային վերակենդանացման բոլոր միջոցառումները, ներգրավվել է լրացուցիչ բրիգադ, բայց ցավոք, քաղաքացու կյանքը չի հաջողվել փրկել:

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ վիճակը, հարկ եմ համարում հատուկ արձանագրել, որ քաղաքացու մահը որեւէ կապ չունի կորոնավիրուսի հետ»։

13։57

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում կորոավիրուսային հիվանդությունը (COVID-19) կանխելու նպատակով իրականացվում են կանխարգելիչ հակահամաճարակային միջոցառումներ՝ սկսած պետական սահմանի անցման կետից մինչ լաբորատոր հետազոտություններ:

Մինչ օրս իրականացվել է 813 հետազոտություն, որից 84-ը՝ դրական արդյունքով, 1-ը` առողջացած: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 72 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ:

13։30

Ինչպե՞ս է իրականացվելու հեռավար կրթությունը հեռավոր շրջաններում

Մարտի 18-ին տեղի ունեցավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և փոխնախարար Ժաննա Անդրեասյանի ասուլիսը` հեռավար ուսուցման մասին: Նախարարը տեղեկացրեց, որ ստեղծվել են առցանց և հեռուստատեսային հարթակներ՝ այս օրերին երեխաների ուսումնառությունն ապահովելու համար: Արայիկ Հարությունյանը պատասխանեց նաև ՍիվիլՆեթի հարցին՝ ներառական կրթության կարիք ունեցողների և տեխնիկական սահմանափակ հնարավորություններով գյուղերի մասին:

13։00

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում թոքաբորբով հիվանդի կյանքը փրկել չի հաջողվել. կորոնավիրուս չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

12։45

Կթույլատրվի որոշ հումքատեսակների շրջանառությունը Հայաստանի և Իրանի միջև

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Հայաստանի և Իրանի միջև սահմանվում են որոշակի բացառություններ երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրման մասով։

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ իրականացվել են փոփոխություններ, որոնցով թույլատրվում է որոշ հումքատեսաների շրջանառությունը ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև:

Փոխադրումներն իրականացվելու են «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո:

Այս ապրանքային կոդերով գործունեություն ծավալող տնտեսվարողները պետք է դիմեն Պետական եկամուտների կոմիտեին, որը, ստանալով Էկոնոմիկայի նախարարության համաձայնությունը, թույլտատրում է ապրանքների փոխադրումը։

Ավելի վաղ թույլատրվել էր բժշկական նշանակության որոշ ապրանքների փոխադրումը:

Ապրանքների ցանկը՝ կառավարության կայքում

12:30

Որոշ ավիաընկերություններ որոշում են կայացրել ժամանակավորապես ՉԵՂԱՐԿԵԼ իրենց կողմից դեպի ՀՀ և ՀՀ-ից դուրս որոշ ուղղությունների սպասարկումը․ կառավարություն

«Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն օդային փոխադրումները մինչև ս․թ․ մարտի 31-ը ներառյալ, ինչպես նաև ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը ընկած ժամանակահատվածում երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Անապա-Երևան մարտի 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26, 30-ի չվերթերը, ինչպես նաև ապրիլի 2-ից մինչև ապրիլի 13-ը ընկած ժամանակահատվածում երկուշաբթի և հինգշաբթի օրերին իրականացվելիք չվերթերը,

• «Ռայանէյր» ավիաընկերության կողմից սպասարկվող չվերթերը ՀՀ-ից դեպի Իտալիայի Հռոմ և Միլան քաղաքներ և հակառակ ուղղությամբ ս. թ. մարտի 14-ից մինչև ապրիլի 8-ը ներառյալ,

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Թբիլիսի-Երևան-Մոսկվա/Վնուկովո/-Երևան-Թբիլիսի ուղղությամբ մարտի 17, 18, 19, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 29, 30, 31-ի և ապրիլի 1, 2, 3, 4, 5-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18, 20, 21, 23, 25, 26, 27, 28, 29, 30, 31, 1,2,3,4,5 չվերթերի)

• «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ մարտի 23, 30-ի, ապրիլի 2, 6, 9, 13-ի չվերթերը, Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ՝ մարտի 26, 29-ի և ապրիլի 2, 5, 16, 28-ի չվերթերը։

• «Քաթար Էյրվեյզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Դոհա-Երևան-Դոհա ուղղությամբ մարտի 17, 19, 21, 24, 26, 28 և 31-ի չվերթերը,

• «Բելավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող Մինսկ-Երևան-Մինսկ ուղղությամբ մարտի 18, 19-ի, մարտի 31-ից ապրիլի 5-ի և ապրիլի 14-ի չվերթերը,

• «Ուրալ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Եկատերինբուրգ-Երևան-Եկատերինբուրգ ուղղությամբ մարտի 11, 18, 25, 29-31, ապրիլի 2, 5-7, 9, 12-14, 16, 19-21, 23, 26-28, 30 չվերթերը,

• «Էյր Կաիրո» ավիաընկերության կողմից սպասարկվող Շարմ Էլ Շեյխ-Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղղությամբ մարտի 12-ի չվերթը, ինչպես նաև մարտի 19-ից մինչև մարտի 31-ը բոլոր չվերթերը,

• «Էյր Արաբիա» ավիաընկերության կողմից սպասարկվող մարտի 17-ից մինչև մարտի 28-ի չվերթերը (բացառությամբ մարտի 18-ի և 20-ի չվերթերի)

• «ԼՈՏ Փոլիշ Էյրլայնզ» ավիաընկերության կողմից սպասարկվող Վարշավա-Երևան-Վարշավա ուղղությամբ բոլոր չվերթերը մինչև ս.թ. մարտի 28-ը,

• «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության կողմից սպասարկվող Կիև-Երևան-Կիև ուղղությամբ ս.թ. մարտի 17, 18, 19, 29, 30, 31-ի և ապրիլի 1-ի չվերթերը,

• «Միդլ Իսթ Էյրլայնզ» ավիաընկերության Բեյրութ-Երևան-Բեյրութ մարտի 21, 24-ի չվերթերը,

• «Ֆլայդուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան-Դուբայ ուղղությամբ մարտի 18-ից մինչև մարտի 31-ը ներառյալ բոլոր չվերթերը, բացառությամբ մարտի 23-ի և 30-ի չվերթերի,

• «Սքայ Ափ Էյրլայնզ» ավիաընկերության Կիև-Երևան-Կիև ուղղությամբ մարտի 20, 23, 27-ի չվերթերը,

• «Ավստրիական ավիաուղիներ» ս․թ․ մարտի 18-ից սկսած բոլոր ուղղություններով կանոնավոր չվերթերը՝ այդ թվում նաև դեպի Երևան,

•«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերության մարտի 21-ից մինչև ապրիլի 19-ը ներառյալ բոլոր չվերթերը։

Հաշվի առնելով ծանրաբեռնվածությունն ու ստեղծված արտակարգ իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հնարավորինս կփորձի թարմացնել չեղարկումների ցուցակը։

Միևնույն ժամանակ հորդորում ենք մշտական կապի մեջ լինել ավիաընկերությունների հետ։

12։15

ԱԻՆ-ի ստորաբաժանումները բերված են բարձր պատրաստականության

Ծառայության բոլոր ստորաբաժանումները բերված են պատրաստականության բարձր աստիճանի և արագ արձագանքման խմբերի հետ միասին պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրները, անհրաժեշտության դեպքում՝ օժանդակել հանրությանն ու պետական այլ մարմիններին: Վերոնշյալ ստորաբաժանումներն իրականացնում են հատուկ ուժեղացված ծառայություն:

12։12

Կարաս․ հյուրասիրություն կարանտինում գտնվող քաղաքացիներին և բուժանձնկաազմին

Սիրելի գործընկերներ, մտահոգված լինելով մեր երկրում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված արտակարգ իրավիճակով` Կարաս ազգային սննդի ցանցը, Օջախ ռեստորանային համալիրի հետ միասին և Հայաստանի վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի աջակցությամբ նախաձեռնել է հատուկ միջոցառում:

Այսօրվանից սկսած մինչև երկրում արտակարգ իրավիճակի ավարտը, որոշում է կայացվել պարբերաբար ապահովել ք․Ծաղկաձորում և այլ վայրերում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնկաազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին անվտանգ, համեղ ու սննդարար սննդով:

Մեր շատ սիրելի հաճախորդներ, ցանկանում ենք նաև նշել, որ հաշվի առելով երկրում ստեղծված իրավիճակը և կարևորելով ձեր առողջությունը՝ Կարասի առաքման ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով` 24 ժամ

Մասնագետների կողմից անդադար կատարվում են առաքման մեքենաների, պայուսակների ախտահանման աշխատանքներ: Թե առաքիչները և թե ցանցի բոլոր աշխատակիցները խստորեն հետևում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ներկայացված բոլոր անհրաժեշտ կետերին COVID-19-ի կանխարգելման համար

12։10

Menu.am. Անվճար, անշփում առաքում՝ կորոնավիրուսի դեմ

Menu.am-ի՝ 315 ռեստորանների և 180 խանութների ամենամեծ առաքման ծառայության ղեկավարությունը, տարածեց հետևյալ հաղորդագրությունը.

Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ երկրում կորոնովիրուսի համաճարակի տարածումը, ՀՀ Առողջապահության նախարարության ցուցումներով և Կառավարության որոշմամբ արտակարգ դրություն մտցնելը, որոշեցինք ժամանակավորապես ներդնել հետևյալ միջոցառումները.

1. Ներդրվել է «Անշփում առաքում» ծառայությունը: Սա հնարավորություն է տալիս հաճախորդներին չշփվել առաքիչների հետ: Առաքիչը զանգում է հաճախորդին և հարցնում, թե որտեղ է ցանկանում հաճախորդը, որպեսզի նա թողնի պատվերը:

2. Անվճար առաքում՝ ամբողջ Երևան քաղաքում (պայմանով, որ ռեստորանից կամ խանութից հաճախորդի հեռավորությունը չգերազանցի 3 կմ): Մենք առաջարկում ենք ռեստորանների հսկայական ընտրություն, և հաճախորդները միշտ ունեն իրենց տան հարևանությամբ գտնվող ռեստորանների և սրճարանների լայն ընտրանի:

3. Ներդրվել է «Ամեն ինչի առաքում» նոր ծառայությունը (անձնական առաքիչ):
Իրականացնում ենք ցանկացած ուտեստների և ապրանքների առաքում ռեստորաններից և խանութներից, որոնց հետ մենք չենք համագործակցում: Առաքում ենք նաև փաստաթղթեր կամ անձնական իրեր:

4. Այս շրջանում առաքման գոտիները բաց են Պտղնիի, Ջրվեժի, Ձորաղբյորի, Աբովյանի համար: Այս վայրերի բնակիչներն այժմ կարող են պատվիրել սննդի և այլ ապրանքների առաքում:

5. Ռեստորանների սեփականատերերին օգնելու համար – ռեստորանների արագ ավելացում մեր գործընկերների շարքում՝ Menu.am կայքում և բջջային հավելվածում (6-12 ժամվա ընթացքում): Ռեստորանների սեփականատերերը, ովքեր ցանկանում են արագ կնքել պայմանագիր և համագործակցել մեր առաքման ծառայության հետ, կարող են կապ հաստատել մեր վաճառքի բաժնի հետ `զանգահարելով +37443222590, +37493429399

6. Ձեռնարկվել են հնարավոր առավելագույն կանխարգելիչ միջոցառումները առաքիչների և հաճախորդների անվտանգության համար`ձեռնոցներ, հակաբակտերիալ նյութեր, դիմակներ (ամենը ինչ առկա է դեղատներում):

Հիշեցնում ենք, որ Menu.am-ի միջոցով կարող եք պատվիրել ապրանքների հետևյալ տեսակները.
1. Ցանկացած ուտեստներ քաղաքի ռեստորաններից (պիցցա, սուշի, շաուրմա, բուրգերներ, կովկասյան և չինական խոհանոցային ուտեստներ, աղանդեներ), ինչպես նաև խմիչքներ:
2. Ծաղիկներ և նվեր քարտեր (սա շատ հարմար է, եթե ցանկանում եք սիրելիներին շնորհավորել ծննդյան տարեդարձի կամ այլ առիթի կապակցությամբ՝ տանը նստած)
3. Խմելու ջուր
4. Տակդիրներ և մանկական սնունդ
5. Սնունդ կենդանիների համար
6. «Մեծ պահք» և «Առողջ ապրելակերպ» կատեգորիայի ճաշատեսակներ և ապրանքներ
7. Մրգեր և բանջարեղեն, չորամրգեր
8. Գինի, գարեջուր, թեյ, սուրճ
9. Գրքեր
10. Ցանկացած ուտեստ, ապրանք, փաստաթուղթ, անձնական իրեր – ըստ ձեր պահանջի (ծառայություն “Ամեն ինչի առաքում”)

11։45

Մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում․ Նիկոլ Փաշինյանի գրառումը

«Ժողովուրդ ջան, մի բան ասեմ, բայց մեր մեջ:

Մենք էսպես թափանցիկ, բաց, կորոնավիրուսի մեր բոլոր դեպքերը հայտարարում ենք մեկ ժամվա ընթացքում:

Բայց մենք վստահ ե՞նք, որ աշխարհի բոլոր երկրները իրենց թվերը ճշգրիտ են ասում:

Սա էն դեպքն է, երբ մեր թափանցիկությունը կարող է աշխատել մեր դեմ: Եւ աշխարհը մեզ կարող է ընկալել որպես կորոնավիրուսային վտանգ, չնայած իրականում, մենք ամենաանվտանգն ենք՝ փաստացի:

Սա չեմ ասում՝ դեպքեր թաքցնելու համար հիմքեր նախապատրաստելու համար: Դա բացառված է, մենք դա չենք անի: Ասում եմ, որ իմանաք, որ ունենք նաեւ այսպիսի ռիսկեր»։

11:30

Այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 84 դեպք․ Նիկոլ Փաշինյան

Երեկ ես ասացի, որ մեր 72 դեպքերից 70 տոկոսը էջմիածնի և արտադրամասի դեպքերն են, այսօր այդ տոկոսն աճել է, հիմա 81 տոկոսն է դեպքերի Էջմիածնի և արտադրամասի հետ կապված, ուղիղ եթերում նշեց վարչապետը։ Նա ասաց, որ վերջին ախտորոշվածների խմբի մեջ 99 տոկոսը արտադրամաասի դեպքերն են։

«Սա մեզ հնարավորություն է տալիս հետևություններ անել մինչև այժմ պայքարի մեր մեթոդների ու դրանց արդյունավետության վերաբերյալ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա տեղեկացրեց, որ այս պահին կա 700 մեկուսացված անձ, կա մեկուսացումը շարունակելու պոտենցիալ, բայց եթե մեծանան ծավալները, այդ գործողությունը անիմաստ կդառնա։

11:00

Կենսաթոշակների և նպաստների վճարման ուշացում չի լինի, դրանք կհասցվեն շահառուի բնակության վայր

Կենսաթոշակների և նպաստների տրամադրման բնականոն գործընթացն ապահովելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բանակցություններ է վարում «Հայփոստ» ՓԲԸ-ի հետ այն մասին, որ ընկերության աշխատակիցներն անձամբ այցելեն շահառուներին՝ կանխիկ եղանակով ստացվող կենսաթոշակները և նպաստները նրանց բնակության վայր հասցնելու նպատակով: «Հայփոստ»-ի բաժանմունք այցելելու անհրաժեշտություն չկա։

Բացի այդ, նախապատրաստվել և շրջանառվում է նախագիծ՝ համաձայն որի, եթե կենսաթոշակի և նպաստների բնագավառում որոշակի գործողություններ կատարելու ժամկետները լրանում են 2020 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, ապա համապատասխան պարտականությունը կատարելու ժամկետը, իրավունքի ուժով երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Սոցիալական ապահովության ծառայություններ այդ նպատակով այցելելու անհրաժեշտություն չկա։

Նախագծով առաջարկվում է նաև երկարաձգել կենսաթոշակի համար բանկ ներկայանալու ժամկետը, եթե այն լրանում է մինչև ս.թ. ապրիլի 30-ը և կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այս նպատակով բանկ ներկայանալու անհրաժեշտություն չկա։

10։50

Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ վարչապետի տիկինը անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը բացասական է եղել։

«Համացանացում շրջանառվող մտահոգության առթիվ տեղեկացնում եմ, որ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը նույնպես մարտի 15-ի երեկոյան անցել է կորոնավիրուսի թեստ, որի արդյունքը եղել է բացասական։
Մարտի 16-ից Աննա Հակոբյանը Երևանում է։
Պայմանավորված Կորոնավիրուսի տարածմամբ և ՀՀ-ում Արտակարգ դրության հաստատմամբ՝ Աննա Հակոբյանն անորոշ ժամանակով հետաձգել է բոլոր հանդիպումները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամը դիտարկում է խոցելի վիճակում գտնվող տարեցներին աջակցելու հնարավորությունը։ Ներկա դրությամբ Հիմնադրամի աշխատակիցներն իրականացնում են խորհրդակցություններ, ուսումնասիրություններ՝ հասկանալու համար կարիքները․ ըստ այդմ կհստակեցվեն նաև հետագա անելիքները։ Որպես Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը տնից համակարգում է այդ աշխատանքները։
Միաժամանակ, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ՀՀ վարչապետի տիկինը երեկ առավոտյան դիմել է ՀՀ առողջապահության նախարարությանը կամավորական աշխատանքներում ներգրավվելու համար։
Առո՛ղջ եղեք և մի՛ տարածեք ապատեղեկատվություն»,- գրել է խոսնակը։

10։15

Արսեն Թորոսյան․ 100 000 դրամ փոխանցեցի՝ ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրել է, որ 100 000 դրամ է փոխանցել ի աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի

«Հիշեցնում եմ, որ Ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ ` կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով։

✅ Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան։

✅ Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947:

Խնդրում ենք փոխանցում կատարելիս առաջ նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին»։

Ստացված միջոցները օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման վրա»։

10։00

Կոտայքի և Տավուշի մարզերում մի քանի հարյուր քաղաքացիներ մեկուսացված են. մարզպետ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Կոտայքի և Տավուշի մարզերում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին: Նա նշել է, որ նշված մարզերում քաղաքացիները մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Կոտայքի և Տավուշի մարզերում այսօր մի քանի հարյուր ՀՀ քաղաքացիներ մեկուսացված են՝ տասչորսօրյա կարանտինային ռեժիմում բժշկական հսկողության տակ լինելու նպատակով։

Խոսքը մայրաքաղաքում բուժման մեջ գտնվող վիրուսակիր մեր քաղաքացիների հետ կոնտակտ ունեցած անձանց մասին է, ովքեր մեկուսացվել են պատշաճ բժշկական հսկողության տակ գտնվելու նպատակով և չեն հանդիսանում վարակակիրներ։ Նրանց առաջին խումբն արդեն վերադարձել է մշտական բնակության վայրեր:

Բժշկական հսկողությունը և տեխնիկական սպասարկումն ամբողջովին իրականացվում է տեղի բուժանձնակազմերի և տեղաբնակ քաղաքացիների ուժերով՝ իհարկե ԱՆ հսկողության ներքո և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների գործուն աջակցությամբ։

Շնորհակալությունս եմ հայտնում մեր երկրի համար՝ այս աննախադեպ ու կարևորագույն գործընթացի բոլոր օղակներում գործող մեր հայրենակիցներին՝ ներառյալ այս պահին գործող ու յուրաքանչյուր պահի ներգրավվելու պատրաստ մեր հարյուրավոր կամավորներին։ Աստված պահի Հայաստանը. այս փորձությունն էլ պատվով ենք հաղթահարելու»։

9:22

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի շենքին կից նոր մոդուլ է կառուցվում հավելյալ 40 հիվանդների համար։ Այս մասին տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

9:00

Մարտի 17-ի ուշ երեկոյան դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 78-ի։

Մեկնաբանել