Հայաստանի նախկին ու ներկա նախագահների և վարչապետի ցավակցությունները՝ Արիանե Կաոլիի մահվան կապակցությամբ

Նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր են հղել գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիանե Կաոլիի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագիր է հղել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը Արոնյանի և Կաոլիի հարսանիքի կնքահայրն է։

Սերժ Սարգսյան

«Սիրելի՛ Լևոն,

Մեծ է կորուստը, և դժվար է գտնել սփոփանքի այն խոսքերը, որ այս ծանր պահին կթեթևացնեին խոր վիշտդ ու կմեղմեին Արիանայի անդառնալի կորստյան ցավը:

Իմ և տիկին Ռիտայի անունից խորին ցավակցություն եմ հայտնում քեզ, քո և Արիանայի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին։

Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի կյանքով այնքան լեցուն սիրելի Արիանայի հոգին և մխիթարություն ու սփոփանք շնորհի ձեզ:

Մենք սգում ենք ձեզ հետ միասին և աղոթում Արիանայի պայծառ հոգու խաղաղության և հանգստության համար»։

Արմեն Սարգսյան

«Սիրելի՛ Լևոն,

Անասելի ցավ ենք ապրում․ կնոջդ՝ Արիանա Կաոիլիի կորուստն անչափելի է։

Լավ ճանաչելով թե՛ քեզ, թե՛ Արիանային, գիտեինք, որ երկուսդ էլ հանձնվող տեսակ չեք։ Եվ Արիանան մինչև վերջին պահը պայքարում էր․․․

Ես և Նունեն, վստահաբար, նաև մեր ժողովուրդը, քո կողքին ենք՝ մխիթարանքի ու վշտակցության անկեղծ խոսքերով։

Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Արիանա։

Ամո՛ւր եղիր, սիրելի Լևոն»։

Նիկոլ Փաշինյան

«Խորապես ցնցված եմ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանի տիկնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոիլիի անժամանակ մահվան բոթից:

Անվանի շախմատիստուհին և շախմատի ասպարեզում Հայաստանը միշտ փայլուն ներկայացնող, սիրելի գրոսմայստեր Լևոն Արոնյանի տիկինը սիրված ու գնահատված էր հայ ժողովրդի կողմից: Նա Հայաստանի լավ բարեկամն էր, մեր երկրի զարգացմանը միտված բազմաթիվ ոգևորիչ նախաձեռնությունների հեղինակ: Արիաննե Կաոիլիի մահը ցավալի կորուստ է բոլորիս համար, և նրա հիշատակը վառ կմնա հայ ժողովրդի սրտում:

Սիրելի Լևոն,

Իմ և Աննայի ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Արիաննե Կաոիլիի ընտանիքին և մերձավորներին»։

Մեկնաբանել