«R»․ թիվ, որը որոշում է համաճարակի ուժն ու արգելափակումների վերջը

Financial Times-ի հոդվածագիր Քլայվ Քուքսոնը (Clive Cookson) գրում է «R» (reproduction, վերարտադրություն) թվի մասին։ Ըստ նրա, վերարտադրության թիվը կամ «R» թիվը, դարձել է կորոնավիրուսի համավարակի բռնկումները ճնշելու, արգելափակումները վերացնելու և բռնկումների երկրորդ ալիքը թույլ չտալու հարցում կառավարությունների գրանցած հաջողության այն ցուցիչը, որին հետևում են ամենամեծ ուշադրությամբ։

Ի՞նչ է «R» թիվը: Համաճարակաբանները տասնամյակներ շարունակ օգտագործել են այն՝ որպես մարդկանց միջև վիրուսի տարածման կարողության չափիչ: Դա վիրուսակիր անհատի կողմից առաջացրած վարակման նոր դեպքերի միջին քանակն է:

Եթե «R»-ը 1-ից բարձր է, ապա վիրուսի բռնկումն ընդլայնվում է, և որքան մեծ է այդ թիվը, այնքան արագ է վարակը տարածվում։ 1-ից ցածր «R»-ը նշանակում է, որ բռնկումը նվազում է, և եթե այն շարունակի ցածր մնալ, վարակն ի վերջո կնահանջի։

Նոր տեսակի կորոնավիրուսի՝ Covid-19-ի դեպքում, ըստ համաճարակաբանների, չպաշտպանված բնակչության շրջանում «հիմնական վերարտադրության թիվը» նախքան կանխարգելիչ միջոցների ձեռնարկումը 2,5-ից 3-ն է: Դա պակաս վարակիչ է, քան կարմրուկը, որի «R»-ը 15 է, բայց զգալիորեն ավելի վարակիչ է, քան սեզոնային գրիպը, որն ունի մոտ 1,3 վերարտադրության թիվ։

Քանի դեռ չի գտնվել արդյունավետ պատվաստանյութը, «R-ի» իջեցման ամենաարդյունավետ միջոցը մնում է սոցիալական հեռավորության պահպանումը, քանի որ մարդկանց միմյանցից հեռու պահելը կանխում է վիրուսի փոխանցումը։

Ինչպե՞ս է չափվում R-ը

Տեսականորեն, «R»-ի ճշգրիտ արժեքը կարելի է հաշվարկել մեծաքանակ թեստերի և մարդու շփումների հետևման (contact-tracing system) համակարգով, ինչը ցույց է տալիս վիրուսը այլոց փոխանցող վիրուսակիր անձանց համամասնությունը։ Դա գիտնականների կողմից արվել է Չինաստանում և Հարավային Կորեայում, բայց վիրուսի զգալի բռնկումներ ունեցող բազմաթիվ այլ երկրներ նույնն անելու կարողություն չունեն:

Այսպիսով, փոխարենը, համաճարակաբանները «R»-ը մշակում են մաթեմատիկական մոդելներից՝ հիմնվելով նոր դեպքերի ու մահերի վրա, ինչպես նաև (կամ) մոդելավորելով, թե ինչպես մարդու վարքագծի փոփոխությունը կազդի վիրուսի փոխանցման վրա:

Ինչպե՞ս է «R» թիվն առաջնորդելու մեր ապագան

Չնայած թերություններին, «R-ը» հիվանդության տարածումը ցույց տվող լավագույն ցուցիչն է, ուստի ամբողջ աշխարհով մեկ հանրային առողջապահության ոլորտի մասնագետները կշարունակեն ուշի-ուշով հետևել թվի փոփոխություններին, երբ արգելափակումները հանվեն։

Օրինակ, Դանիայի Statens Serum Institute-ն այս շաբաթ հաղորդել է, որ «R»-ը երկրում հասել է 0,6-ից մինչև 0,9՝ ապրիլի կեսին այնտեղ դպրոցներն ու մանկապարտեզները վերաբացելու արդյունքում: Թեև թիվը դեռ 1-ից ցածր է, այնուամենայնիվ, դա նշանակում է, որ Դանիայի կառավարությունը պետք է զգույշ լինի արգելափակումների թուլացման այլ միջոցառումների հարցում, որոնք կարող են «R»-ը դարձնել 1-ից ավելի և վերստին առաջ բերել համաճարակի երկրորդ ալիքի բռնկման վտանգը։

Հետագայում, եթե և երբ հասանելի դառնա Covid-19-ի արդյունավետ պատվաստանյութը, «R» համաթիվը զգալիորեն կնվազի։

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել