Սադրել իշխանությանը. ի՞նչ է դա նշանակում, պարո՛ն Փաշինյան

Եթե 1990-ականներին Դաշնակցությունը չսադրեր Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա առաջին նախագահը չէր փակի մեր ավանդական կուսակցություններից մեկին, կուսակցական գործիչները բանտ չէին գնա, միջազգային հանրությունը չէր քննադատի նորանկախ պետության ղեկավարությանը:

Եթե Վազգեն Մանուկյանը 96-ին չսադրեր ու ժողովրդին դուրս չբերեր փողոց, ապա Տեր-Պետրոսյանը հանգիստ նախագահ կդառնար երկրորդ ժամկետով, իսկ Ազատության հրապարակ տանկեր բերելու կարիք չէր լինի: Խորհրդարանի նախագահն ու փոխնախագահը չէին ենթարկվի ֆիզիկական հաշվեհարդարի, և հաջորդ օրերին ընդդիմադիրները ծեծի չէին ենթարկվի Ազգային ժողովի ամբիոնի մոտ:

Եթե 1999-ին Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը Միասնություն չսադրեին, ապա Նաիրի Հունանյանը կլիներ Ղրիմում, Հոկտեմբերի 27-ի ոճիր չէր լինի, իսկ Քոչարյանը հանգիստ կկառավարեր Հայաստանում:

Եթե 2003-ին Ստեփան Դեմիրճյանը չսադրեր ու չմասնակցեր ընտրություններին, ապա Քոչարյանը և թիմը չէին դիմի կեղծիքների, իսկ 2004-ի ապրիլի 12-ի գիշերը ընդդիմությանը ծեծուջարդի չէին ենթարկի Երևանի կենտրոնում:

Ներողություն շնականության (ցինիզմի) համար, բայց մենք քաղաքականությա՞ն մասին ենք խոսում, թե՞ ընդդիմության սադրանքների:

Սադրանքը քաղաքական ե՞զր է ու կատեգորիա՞:

Ի՞նչ է նշանակում՝ իշխանությանը սադրել:

Կարող ե՞նք նաև ասել, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրեր Խաչակիրների նոր հատոր գրել ու չվերադառնար քաղաքականություն, ապա Մարտի 1 չէր լինի: Ի դեպ, Մարտի 1-ի պատասխանատուներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հենց դա են ասում՝ Լևոնն ու Նիկոլն են սադրել:

Եթե 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը մնար տանը կամ մեկներ Կալիֆոռնիա ու իր Բարևի հեղափոխությամբ չսադրեր, ապա Սերժ Սարգսյանը և թիմը կարիք չէին ունենա ևս մեկ անգամ կեղծել ընտրությունները:

Եվ վերջապես, եթե Էդմոն Մարուքյանը չսադրեր, ապա Սասուն Միքայելյանը, Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը չէին ցուցադրի իրենց իրական դեմքը:

Ո՞րն է ընդդիմության քաղաքական զենքը. օրուգիշեր քննադատել իշխանությանը, պատասխանատվություն չկրել պետության ձախողումների համար, ժողովրդին խեղդել պոպուլիզմով ու պատրանքային խոստումներով, մեղադրել Արցախը ծախելու և Հայոց ցեղասպանությունը ուրանալու մեջ: Ճիշտ է՝ մեր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ընդդիմության կամ որ ավելի ճիշտ է՝ նախկին իշխանությունն ունի բան, որ չի ունեցել նախկինում: Ունի փող, շատ փող, աննկարագրելի փող: Ունի տասնյակ լրատվամիջոցներ: Ունի կառավարման համակարգի որոշ օղակների վրա լուրջ ազդեցություն: Փոխարենը, չունի և չի ունեցել ժողովրդի քվեն ու համակրանքը:

Սերժ Սարգսյանը մերժված է հրապարակավ, Ռոբերտ Քոչարյանը մերժված է լռելյայն: Ավելին, Քոչարյանը փակված է մեկուսարանում, Սերժը՝ առանձնատանը, ու կարող է գնալ մեկուսարան, փեսան ինքնամեկուսացվել է հեռավոր մի խոհանոցում:

Ես ոչ մի կերպ չեմ ուզում անտեսել այն վտանգը, որ զգում է իշխանությունը և իշխանություն ընտրած ժողովուրդը: Բայց եթե 2018-ի գարնանը, ունենալով իշխանություն, անսահման փող ու մեդիա-կայսրություն, ունենալով ուժայիններ՝ սերժ-քոչարյանական խմբավորումը մերժվեց, ապա ինչպե՞ս է նա գալու իշխանության երկու տարի անց:

Ի՞նչ ունեք դուք, պարո՛ն Փաշինյան:

Ունեք 70-80 տոկոս քվե, որ ստացել եք Հայաստանի ժողովրդից և ստացել եք առանց կեղծիքների:

Ունեք միակուսակցական կառավարություն:

Ունեք սահմանադրական մեծամասնություն, ու ինչքան էլ Մարուքյանն ու Լուսավորը սադրեն, Իմ քայլի ձեռքում է մուրճն ու ընկույզը:

Դուք չունեք նաև Արցախյան հակամարտությունը կարգավորելու բեռ: Ու այն, ինչ գրվում՝ լավրովյան պլան և այլն, պարզ քարոզչություն է, որին միշտ դիմում է ընդդիմությունը և կամ նախկին իշխանությունը:

Դուք և ձեր կառավարությունը չունի նաև շրջափակման, երկրաշարժի ավերակների, 300 հազար փախստականների, Արցախյան պատերազմի, թուրքական ներխուժման սպառնալիքներն ու բարդությունները:

Անշուշտ, դուք ունեք դժվարություններ, բայց դրանք կապ չունեն ընդդիմության և կամ նախկին իշխանության հետ:

Ո՞վ է մեղավոր, որ կառավարության նախարարների ու սուպերնախարարների մի մասը սուպերծույլեր են, ինքնասիրահարված ամբարտավաններ:

Ո՞վ է մեղավոր, որ իմքայլականները բռնությանը ծափահարող կոճակ սեղմողներ են:

Ո՞վ է մեղավոր աղետալի կադրային նշանակումների համար:

Ենթադրենք, պարո՛ն Փաշինյան, որ Մարուքյանն ու Լուսավոր Հայաստանը, ձեր իսկ խոսքով, «սերժա-ռոբական բանդայի խոսնակներն են խորհրդարանում» (այս մասին մեկ այլ առիթով): Ավելին, մի պահ մտածենք, որ Լուսավոր Հայաստանը չի մտել խորհրդարան, այլ մտել է Հանրապետական բանդան:

Եվ ի՞նչ: Կրկին Սասուն Միքայելյանը, Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը տրվելու էին սադրանքների՞ն:

Այսինքն, դուք ի՞նչ եք ուզում ունենալ՝ 100 տոկոսանոց խորհրդարա՞ն ու բռնությանը ծափահարող իմքայլականնե՞ր, ձեզ փառաբանող ժողովո՞ւրդ, զրո քննադատությո՞ւն:

Բոլոր նրանք, ովքեր քննադատեն ձեզ, պիտակվելու են սերժա-քոչարյանական բանդայի սպասարկունե՞ր: Եթե այո, ապա մինչև ե՞րբ: Ձեզ քննադատություն պետք չէ՞:

Ո՞ր երկրում չկա ընդդիմություն կամ նախկին իշխանություն: Այդպիսի երկրներ, անշուշտ կան: Բայց մենք չենք ուզել այդպիսի երկիր, այդ պատճառով՝ ժողովուրդը միավորվել է ձեր շուրջը և մերժել Սերժին ու հավերժ իշխանության մնալու նրա մտադրությունը:

Ես և դուք վստահաբար հիշում ենք, չէ՞, որ Արցախյան պատերամի ամենածանր օրերին անգամ ընդդիմությունը Ազատության հրապարակում Լևոնից ազատվելու հանրահավաքներ ու ցույցեր էր անում: Հիշում ենք, չէ՞ ինչ էր կատարվում խորհրդարանում 1992-ի ամռանը, երբ կորցրել էինք Շահումյանն ու Արցախի կեսը:

Աշխարհի որևէ ժողովրդավարական երկրում ընդդիմություն և կամ նախկին իշխանություն չի կարող չլինել: Սա պարզ քաղաքական աքսիոմ է:

Եվ վերջում, պարո՛ն Փաշինյան: Ես այս հարցերը կուզեմ ձեզ ուղղել ՍիվիլՆեթի տաղավարում: Ժամանակ ունենաք, համեցեք։ Նույն տեղում ենք:

Թաթուլ Հակոբյան

Մեկնաբանել