Ամուլ թիրախներ

Հայաստանում խնդիրների ոչ ճիշտ ձևակերպումը և ամուլ թիրախներ ընտրելը կարծես վերածվել է օրինաչափության:
Ռուսական գազի սակագնի բարձրացման հետ կապված որոշակի շրջանակների կողմից ինտենսիվ հակառուսական տրամադրություններ են գեներացվում: Տպավորություն է, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի հիմնական պատասխանատուն Ռուսաստանն է: Իրավիճակը ներկայացվում է այսպես՝ «Ռուսաստանը փորձում է գազի սակագնի բարձրացմամբ Հայաստանին պատժել, որ վերջինս չնայի Եվրոպայի ուղղությամբ, իսկ ՀՀ իշխանությունները քաջությամբ պայքարում են ռուսական իմպերիալիզմի դեմ՝ հանուն եվրոպական արժեքների»:

Իրավիճակի նման ընկալումը որևէ տրամաբանությունից դուրս է: Ռուսաստանը, իր շահերից ելնելով, իր իսկ ռեսուրսներով ու մեթոդներով սպասարկում է իր շահը: ՀՀ իշխանությունները պետք է որ քաջածանոթ լինեին ռուսական շահերին և քաղաքական գործիքներին, որտեղ գազային մահակը հատուկ դեր ունի՝ անգամ ռազմավարական դաշնակիցների համար: Հայաստանի պետական շահերից ելնելով՝ պետք է այդ մահակից պաշտպանվելու արդյունավետ միջոցներ ստեղծվեին:

ՀՀ իշխանությունները, սակայն, ռազմավարական պլանավորման տեսակետից մատնված են եղել անգործության և վարում են իրավիճակից մի կերպ դուրս գալու քաղաքականություն: Փորձում են հանրային դժգոհության սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ, իսկ իրենք ներկայանան որպես ժողովրդի մասին հոգ տանողներ, որ գազի թանկացումը 67 տոկոսը «իջեցրին» մինչև դրա կեսը: Այս օրերին ամուլ թիրախի կարգավիճակում է հայտնվել նաև Հայաստան ժամանած արքայազն Չառլզը: Խիստ ուղղորդված կերպով տևական ժամանակ է, ինչ ներկայացվում է, որ արքայազնը Հայաստան է գալիս «Ամուլսարի» ոսկու հանքի բացման նպատակով:

Հանքարդյունաբերողներին չարիքի աղբյուր անվանելով՝ ակտիվիստները որոշել էին Չառլզին հետ պահել իբր ոսկու հանքի բացմանը մասնակցելուց: Սակայն պարզվեց, որ նա Հայաստան էր ժամանել ուրիշ նպատակներով:

Ստացվում է, որ անհասկանալի շարժառիթներով մարդկանց որոշ խմբեր փոխանակ պահանջներ ներկայացնեն սեփական իշխանություններին, այդ պահանջները ներկայացնում են խնդրի հետ կապ չունեցող մարդկանց: Իսկ իշխանություններին ներկայացվելիք պահանջները տվյալ դեպքում հստակ են՝ հանքարդյունաբերության թույլտվությունները՝ առանց կոռուպցիոն սխեմաների, բնապահպանական նորմերի խստագույն պահպանում, հանքերից ստացված շահույթների բաշխում՝ արդար և հավասար՝ ի նպաստ ազգի բարօրության:

Նորից հետաքրքիր է՝ արդյոք Ուելսի արքայա՞զնը պետք է հետևի Հայաստանի բնությանն ու եկամուտների արդար բաշխմանը:

Մեկնաբանել